[ad_1]

Որքան տեղյակ եմ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը կողմ էր քվեարկել, որպեսզի այդ նախագիծը ճանաչվի հակասահմանադրական։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։

«Այդ օրենքի նախագիծը 2009 թվականին է ընդունվել, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, ընդունվել է մի Ազգային ժողովում եւ մի քաղաքական թիմի կողմից, որի առանցքային ներկայացուցիչն է եղել Հրայր Թովմասյանը։ Որքան տեղյակ եմ, Հրայր Թովմասյանը կողմ էր քվեարկել, որպեսզի այդ նախագիծը ճանաչվի հակասահմանադրական»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք քաղաքական իշխանությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը չէր շտապո՞ւմ հայտարարելով, որ «Մարտի 1-ի» գործի ֆոնը, ըստ էության, բացահայտված է, պատգամավորն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ դատարանների գործունեությանը չենք միջամտելու։ Մեր հայտարարությունները եղել են որոշակի իրավիճակում, ձեռքի տակ եղած փաստերի, դրանց վերլուծության վրա։ Մեր կարծիքով՝ դատարանները կիսով չափ անկախ են, այսինքն՝ գործող իշխանությունից ամբողջապես անկախ են, այ թե այլ անձանցից անկախ են, թե ոչ, դա արդեն այլ հարց է։ Մեր նախընտրական խոստումներից մեկն այն պետք է լինի, որ դատարանների անկախությունը մենք պիտի հասցնենք 100 տոկոսով»։

Հարցին՝ արդյոք դա իշխանության ձախողո՞ւմն է, որ 3 տարվա ընթացքում չկարողացան ունենալ անկախ դատական համակարգ, Պապոյանն ասաց, որ մեր հասարակությունը շարունակում է ունենալ դժգոհություն մեր դատական համակարգից. «Այստեղ մենք ունեցել ենք որոշակի բացթողումներ։ Մեր հանդիպումների ժամանակ այդ մասով ներողություն ենք խնդրում ժողովրդից, որ որոշ խոստումներ չենք կարողացել իրականացնել։ Նոր ընտրությունների գնում ենք նաեւ այդ պատճառով, որպեսզի ստանանք վստահության քվե եւ չկատարած խոստումները կարողանանք կատարել»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը ՍԴ կազմը փոխեց, արդեն ՍԴ-ն համարվում էր բարեփոխված, սակայն մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչվեց 300.1 հոդվածը, պատգամավորն արձագանքեց. «ՍԴ-ի այդ ճգնաժամը մենք լուծված ենք համարում, մենք չենք լուծել այն տրամաբանությամբ, որ մեր ծանոթներին, բարեկամներին բերենք: Այո, մենք ընտրել ենք մարդկանց, որոնք ոչ մեր թիմակիցն են եղել, ոչ էլ ծանոթը։ Մենք ընտրել ենք այն մարդկանց, որոնք այդ ոլորտում ունեցել են որոշակի փորձ։ ՍԴ-ի ձեւավորման եւ Սահմանադրության մեխանիզմները կյանքի ենք կոչել։ Մենք չենք փորձել միջամտել, չենք փորձել դատարանների վրա ազդեցություն ունենալ։ Մենք երբեւէ չենք փորձել մեզնից կախված դատարան ունենալ»։

Հարցին՝ արդյոք հիմա ունե՞նք արդար դատական համակարգ, Պապոյանն ասաց. «Արդարադատության մասով կա լրջագույն վերապահումներ։ Այդտեղ պետք են լրջագույն փոփոխություններ, որպեսզի դատարանների նկատմամբ վստահությունը մեծանա մեր ժողովրդի մեջ»։



Աղբյուր