[ad_1]

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը պատմել է լոնդոնյան թիմից հեռացվելու իրական պատճառների մասին։ Նիդերլանդցին հաճախ այցելում էր Ամստերդամ։ Ակումբում կարծել են, որ նա այնտեղ զվարճացել է ու երեկույթների է մասնակցել, բայց, ինչպես խոստովանել է անձամբ Գուլիտը, նա մեկնել է Ամստերդամ, որպեսզի խնամի քաղցկեղով հիվանդ մորը։

«Կարծում եմ՝ ավելի ուշ ես հասկացա, թե ինչու ինձ հեռացրին «Չելսիից»։ Այդ ժամանակ ես չէի հասկանում պատճառը։ Մայրս հիվանդ էր, նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել։ Ես մեկնում էի Նիդերլանդներ, որպեսզի լինեմ նրա կողքին։ Երբ ձեր մայրիկին տեսնում եք հիվանդանոցում՝ այն էլ քաղցկեղով հիվանդ, շատ դժվար է և տխուր։ Ես ցանկանում էի, որ նրա տանջանքները հնարավորինս շուտ ավարտվեն։

Ես շատ ժամանակ էի անցկացնում նրա հետ Նիդերլանդներում։ Ակումբում ինձ ասացին, որ ինձ հեռացրել են, քանի որ ես չափազանց շատ էի զվարճանում Ամստերդամում։ Ես ապշած էի։ Դա հարված էր մեջքից»,- Գուլիտի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Հիշեցնենք՝ Գուլիտը 1996 թվականին էր նշանակվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Առաջին մրցաշրջանում նա թիմի հետ հաղթեց Անգլիայի Գավաթում։ Այդ մրցանակը լոնդոնցիների համար առաջինն էր 26 տարվա ընթացքում։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի կեսերում Գուլիտը հեռացվեց՝ չնայած ներքին մրցաշարերում հաջող ելույթներ էր ունենում։

 

 



Աղբյուր