[ad_1]

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները:

«Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։

Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:

Ինչպես հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի տարածքով ռուսական զորքերի տեղափոխումը չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա ոչ մի կերպ չի սպառնում նրանց: Նա նաև ընդգծել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները ներուկրաինական հակամարտություն են, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:

Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի վերջին, տարածաշրջանում գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի օգտագործմամբ: Կողմերը իրավիճակի սրման համար մեղադրում են միմյանց։



Աղբյուր