[ad_1]
Գերմանիայի բնակիչները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, առաջիկայում կկարողանան դարձյալ իրացնել իրենց իրավունքներն ու ազատությունները, հայտարարել է ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է DW-ը:
Բնակչության այդ կատեգորիայի համար չեն գործի COVID-19-ի թեստավորման, ինքնամեկուսացման եւ կարանտինում մնալու պահանջները:
«Նրանք, ովքեր լիովին պատվաստված են, կհավասարվեն բացասական թեստ հանձնածներին»,-ասել է նա Bild am Sonntag կիրակնօրյա պարբերականին:
Երբ համավարակի երրորդ ալիքն անկում ապրի եւ էքսպրես թեստերի զանգվածային անցկացման պայմաններում չեղարկվեն սահմանափակումները, օրինակ, մանրածախ առեւտրի ոլորտում, այդ հիմնարար որոշումն ուժի մեջ կմտնի, պարզաբանել է առողջապահության նախարարը: Գերմանիայի պատվաստված բնակիչները կկարողանան գնալ խանութներ կամ վարսավիրանոցներ առանց լրացուցիչ անալիզների, հայտարարել է Շպանը՝ հավելելով, որ դա տեղի կունենա արդեն մի քանի շաբաթ անց:
Քաղաքականության այդպիսի փոփոխությունը հիմնված է նոր գիտական տվյալների վրա, որոնք ստացել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում: Հրապարակված զեկույցում, որը գրվել է Առողջապահության դաշնային նախարարության համար, ասված է. «Լիարժեք պատվաստում ստացած մարդկանց կողմից կորոնավիրուսը փոխանցելու ռիսկն ավելի ցածր է երկրորդ պատվաստումը ստանալուց հետո առավելագույնը 15-րդ օրը՝ ի տարբերություն առանց ախտանիշների անձանց մոտ մեկ էքսպրես թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Ապրիլի 3-ին զեկույցն ուղարկվել է Գերմանիայի դաշնային հողերին:
Կիրակի՝ ապրիլի 4-ին, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու օրական աճը կազմել է ավելի քան 12 հազար նոր դեպք, հաղորդում է RKI-ն: Նախորդ օրվա ընթացքում մահացել է 68 պացիենտ: ԳԴՀ-ում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է վարակվելու ավելի քան 2,8 միլիոն դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 77 հազարի: Ապաքինվել է ավելի քան 2,5 միլիոն մարդ: Գերմանիայի բնակչությունը կազմում է շուրջ 84 միլիոն մարդ: