[ad_1]

Ակնկալում էինք, որ գոնե Սուրբ Զատիկի մեռելոցը կլինի ոչ աշխատանքային։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Սուրբ Հարության տոնին հաջորդող օրվա՝ մեռելոցի աշխատանքային լինելուն։

Հիշեցնենք, որ տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է, սակայն կառավարության որոշմամբ է այն լինում աշխատանքային կամ ոչ աշխատանքային։

Քահանան անհասկանալի համարեց, որ հենց այս տարի այն աշխատանքային է, թեև նշեց, որ ավելին չէին էլ սպասում, քանի որ նախկինում էլ մեռելոցների հետ կապված նման վերաբերմունք կար այս կառավարության կողմից։

«Պետք է հաշվի առնել, որ այս տարի այսքան զոհեր ունենք, այսպես թե այնպես, մարդիկ գնալու են մեռելոցին գերեզմանոցներ, այնպես որ, կարելի էր այդ օրն ընդառաջել և դարձնել ոչ աշխատանքային»,–ասաց նա և նշեց, որ սա ինչ-որ կերպ նաև հարգալից կլիներ մեր ննջեցյալների նկատմամբ։

«Ես կուզեմ այս ամենից հետո մենք պարզապես կարողանանք հարություն առնել, հավատքով, մեկս մյուսի նկատմամբ ունեցած սիրով և մեր կյանքը ապրել այնպես, որ մեր նահատակ զինվորների զոհաբերությունն իզուր չդառնա»,–ասաց նա։

Տեր Եսային նշեց, որ այս տարի հատկապես շատ էին քաղաքացիները գերեզման գնալու կարգի վերաբերյալ հարցեր տալիս։ «Եկեղեցական կարգը, կանոնն այն է, որ մեռելոցին պետք է գնալ գերեզմաններ, եկեղեցին հորդորում է և սովորեցնում է մարդկանց, որ չպետք է գնալ Զատիկի օրը։ Հին ննջեցյալ, կամ նոր ննջեցյալ հասկացություն գոյություն չունի, բոլոր դեպքերում մեռելոցին են գնում գերեզմաններ»,–ասաց նա։

Մարդիկ նաև հարցնում են, որ եթե ննջեցյալ ունեն, արդյոք պե՞տք է ձու ներկել, թե ոչ։ «Ձուն ներկում են միանշանակ բոլոր դեպքերում, քանի որ կարմի գույնը, որով ներկում են, խորհրդանշում է Քրիստոսի արյունը՝ թափած բոլորի համար՝ և՛ ննջեցյալների, և՛ ապրողների, հետևաբար ննջեցյալ կա, թե ոչ, հավկիթը պետք է ներկել»,–ասաց նա։

 



Աղբյուր