Սերբիայի 1914 թվականին ծնված քաղաքացուհին՝ Նովի Սադ քաղաքից, հաջողությամբ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը եւ իրեն լավ է զգում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքային պոլիկլինիկայում:

Պոլիկլինիկայի աշխատակիցները ուրբաթ օրը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ամենատարեց բնակիչ Իլոնա Կովաչին տանը երկրորդ պատվաստումն են արել։ Հիմնարկի սոցիալական ցանցում նրանք տեղադրել են իրենց այցի լուսանկարը:

«Մենք չենք կարող բացահայտել, թե ինչ պատվաստանյութ է առաքվել, քանի որ դրանք բոլորը օգտակար են: Տիկին Կովաչն իրեն հիանալի է զգում: Կարեւոր է, որ նա ինքը ցանկություն հայտնեց պատվաստվել, եւ այժմ ողջ-առողջ է»,- գործակալությանը ասել է պոլիկլինիկայի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Զորկա Բակովիչը:

Նախօրեին միջազգային COVAX մեխանիզմի միջոցով Սերբիա է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, խոսքը շվեդա-բրիտանական AstraZeneca-ի 57 000 չափաբաժնի մասին է:

Մինչեւ ուրբաթ օրը 7 միլիոնանոց Սերբիայում կորոնավիրուսի դեմ տարբեր դեղամիջոցներով պատվաստվել էր 2 521 863 մարդ, երկու դեղաչափերն էլ ստացել է 1 063 559 բնակիչ: Հանրապետության ղեկավարությունը նախկինում նախատեսում էր պատվաստել առնվազն երեք միլիոն քաղաքացու:

Պատվաստումը Սերբիայում սկսվել է դեկտեմբերի 24-ին` ամերիկա-գերմանական արտադրության Pfizer եւ BioNTech դեղամիջոցներով։ Ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկիր է ժամանել դեկտեմբերի 30-ին, իսկ Sinopharm-ը Չինաստանից՝ հունվարի 16-ին, AstraZeneca-ն սկսել է ժամանել փետրվարի երկրորդ կեսին: Պատվաստումների հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, Սերբիայի քաղաքացիները կարող են ընտրել դեղամիջոցը: Ըստ Սերբիայի առողջապահության նախարարության՝ քաղաքացիների ավելի քան 40%-ը ցանկանում է ռուսական պատվաստանյութը ստանալ:



Աղբյուր