[ad_1]

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի հավաքված մինչեւ երկու հարյուր մարդիկ ցուցադրաբար խախտել են «պարետային ժամը», հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ցուցարարները պահանջում են վերացնել ժամը 21:00-05:00-ը տեղաշարժի արգելքը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանում գործում է գրեթե չորս ամիս: Նրանք նաեւ կոչ են անում չեղարկել տուգանքները, որոնք նշանակվել են քաղաքացիներին գիշերային տեղաշարժի արգելքը խախտելու համար:

Ցուցարարները մտադիր են ամբողջ գիշեր մնալ Ռուսթավելու պողոտայում: Հանրահավաքն անցկացվում է համերգի ձեւաչափով, բեմում հանդես են գալիս տարբեր երաժշտական խմբեր եւ մենակատարներ:

Տարածքը հսկում են համեմատաբար քիչ թվով ոստիկաններ: Մինչ այժմ չի եղել հաղորդագրություն այն մասին, որ ցուցարարներին տուգանքներ են նշանակել տեղաշարժի սահմանափակումը խախտելու համար:

Բողոքողները կարծում են, որ «պարետային ժամը» որեւէ կերպ չի ազդում COVID-19-ի տարածման վրա, եւ վրացական իշխանություններն օգտագործում են այդ սահմանափակումն իրենց քաղաքական նպատակներին հասնելու, այդ թվում՝ հասարակական բողոքները ճնշելու համար:

Զուգահեռաբար «պարետային ժամը» վերացնելու պահանջով ցույցեր են ընթանում Քութայիսում ու Բաթումում: Ինչպես Թբիլիսիում, այնտեղ նույնպես բողոքի ցույցերը պլանավորված են քաղաքացիական ակտիվիստների կողմից: Բաթումում հանրահավաքն անցկացվում է հավաքույթի ձեւաչափով:



Աղբյուր