[ad_1]

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկովի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծումը նախ արվում է պայքարելու համավարակի դեմ, բայց քիչ չեն գործընթացում քաղաքական և տնտեսական կոմպոնենտները։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրանք երեքն էլ միմյանց հետ փոխկապակցված են։

«Իհարկե, բոլորին պետք են պատվաստանյութեր, բայց մյուս կողմից՝  կա մեծ մրցակցության դեղերի շուկայում խոշոր դեղ արտադրողների միջև։ Հնարավոր է, որ մի ընկերություն կարողանա հաջողացնել ստեղծել արդյունավետ պատվաստանյութ այս փուլում, և շատերը կարծեն, որ դա նրանց փրկեց, հետո այդ մարդիկ կշարունակեն օգտվել նույն ընկերության դեղամիջոցներից։ Խոսքն այստեղ հարյուր հազարավոր միլիարդ դոլարների եկամտի մասին է։ Եվ խոսքն այսօրվա մասին չէ, այլ՝ ապագայի»,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով բիզնեսը կարող է ցանկացած հանցագործության գնալ, և շատ դեպքերում դուրս մղել քաղաքականությունը։

Անդրադառնալով պատվաստանյութերի վաճառքի գործընթացում քաղաքական բաղադրիչին՝ Սերգեյ Մարկովը նկատեց, որ աշխարհում հիմա պայքար է գնում ռուսական, չինական պատվաստանյութերի դեմ։

«Ամերիկյան՝ «Moderna»-ն, «Pfizer»-ը, բրիտանական «AstraZeneca»-ն տարբեր շուկաներ ներթափանցելու ոչ մի խնդիր չունեն, նրանք հանգիստ մտնում են եվրոպական և այլ շուկաներ։ Չկան քաղաքական ռիսկեր։ Իսկ ռուսական և չինական պատվաստանյութերի դեմ Արևմուտքը մեկուսացման քաղաքականություն է վարում։ Արևմուտքը ցանկանում է ներկայացնել, որ Ռուսաստանը և Չինաստանը կասկածելի երկրներ են, որ նրանք ունեն հետին մտքեր։ Այդպես նրանք անվստահություն են առաջացնում իրենց բնակիչների շրջանում, որոնք պետք է պատվաստանյութը ստանան։ Արևմուտքի քաղաքական էլիտաները, օգտագործելով նաև այս պատվաստանյութերի թեման, փորձում են նորից Ռուսաստանին և Չինաստանին ներկայացել որպես կասկածելի երկրներ»,- նշեց նա։

Ռուսաստանցի վերուծաբանը նշեց, որ դա արվում է այն դեպքում, երբ երկու երկներում արտադրվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են պայքարում համավարակի դեմ։ Նրա դիտարկմամբ՝ շատ եվրոպական երկրներ ձեռք են բերել ռուսական պատվաստանյութը, բայց Եվրահանձնաժողովը, ԱՄՆ-ը արգելել են դրա կիրառումը։ «Սա հենց ցույց է տալիս, որ զուտ քաղաքական խնդիր կա»,- ասաց նա։

Սերգեյ Մարկովի մատնանշմամբ՝ սոցիոլոգիական հարցումներն էլ ցույց են տալիս, որ հենց ռուսական «Sputnik V»-ն է ամենահայտնին ամբողջ աշխարհում։ «Ստացվում է, որ Ռուսաստանին հաջողվում է քանդել այդ բլոկադան։ Դա խոսում է այն մասին, որ պատվաստանյութը վայելում է հասարակության վստահությունը։ Բացի այդ՝ «Sputnik V»-ն գրանցված է որպես պատվաստանյութ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութի ձեռքբերմանն այն դեպքում, երբ ասվում էր, որ մեզ մոտ մասսայական կիրառման պատվաստանյութը կլինի ռուսական «Sputnik V»-ն, ռուսաստանցի վերուծաբանը նշեց․

«Ես պարզապես շոկի մեջ է, ապշած էի, երբ իմացա, որ Հայաստանը կիրառելու է բրիտանական պատվաստանյութը, այլ ոչ թե ռուսականը։ Ընդհանրապես Հայաստանը կարող էր Ռուսաստանից չգնել «Sputnik V»-ն, կարող էր Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանում այն արտադրել, ինչը շատ շահավետ կլիներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ գուցե դեռ հայկական կողմը ռուսականի հետ այս հարցում համաձայնության գա։

Ըստ նրա՝ դրա պատճառը գուցե այն էր, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում էր ավելի շուտ հայտնել իր բնակչությանը պատվաստանյութի ձեռքբերման մասին․ «Sputnik V»-ից շուկայում շատ քիչ է մնացել, իսկ բրիտանական «AstraZeneca»,-ն շուկայում շատ էր մնացել, քանի որ շատ երկրներ հրաժարվել էին այն ներմուծելուց, քանի որ իմացել էին, որ այն կարող է վտանգավոր լինել։

«Փաշինյանին, ամենայն հավանականությամբ ձեռնտու էր էժանագին տարբերակը»,- ասաց նա՝ նկատեով, որ այստեղ բախվում ենք տնտեսական խնդրի։

Սերգեյ Մարկովի խոսքով՝ Հայաստանը կարող էր այս ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցել, օգտվել ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ նաև՝ այլ պատվաստանյութերից։

«Ռուսաստանը նաև կարող է ոչ միայն Հայաստանին վաճառել պատվաստանյութը, այլ նաև՝ Հայաստանը դառնա Ռուսաստանի ֆրենչայզը։ Այսինքն՝ Հայաստանն ինքը զբաղվի պատվաստանյութի վաճառքով»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանում, եթե այնուամենայնիվ ռազմավարական գործընկեր Հայաստանը չգնի ռուսական պատվաստանյութից, Սերգեյ Մարկովը պատասխանեց․ «Իհարկե, դա բացասական կընկալվի, բայց չի նշանակի, որ դա մեծ քաղաքական խնդիր է դառնալու։ Պուտինը կկնճռոտի ճակատը, բայց չի որոշի պատժել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հավելենք նաև, որ ավելի վաղ Հայաստանում հավանություն էին տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի կիրառմանը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը դեռևս փետրվարին հայտարարել էր, որ ձեռք բերվելիք «Sputnik V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Գայանե Սահակյանի խոսքով՝ դա այդ պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին էր։

 



Աղբյուր