[ad_1]

Զատիկին ընդառաջ Երեւանի խանութներում հավկիթը սպառվել  է: Սուպերմարկետներում անգամ անհնար է ձու գնել։ Իսկ եթե երջանիկ պատահականությամբ էլ հնարավոր է լինում ձու գտնել, ապա կրկնակի, երբեմն էլ եռակի բարձր գնով։ NEWS.am-ը քաղաքացիների շրջանում հարցախույզ արեց՝ պարզելու իրավիճակը։ Հարցմանը մասնակցած գրեթե բոլոր քաղաքացիները փաստեցին, որ այսօր խանութներում ձու չեն գտել, իսկ ով էլ գնել էր, նշում էր, որ ձուն «ոսկու գին» է դարձել։ 

«Զատիկ չեն թողնում անենք։ Ինչու՞ են այսքան թանկացնում, անունն ի՞նչ են դնում, չեն ամաչու՞մ։ Լրիվ իրենց ձեռ են առել։ Նախորդ տարիներին էսպիսի բան չի եղել։ Զարմացնում են, իհարկե, հիասթափեցնում են մարդկանց ամեն ինչից»,- նկատեց քաղաքացիներից մեկը։

Իսկ մեկ այլ քաղաքացի էլ հայ արտադրողների մեղքը տեսավ ստեղծված իրավիճակում։ «Սաբոտաժ են անում։ Մեր բոլոր արտադրողները պրովակատորներ են։ Հայ սեփականատիրոջ ամենավատ կողմն իրավիճակից օգտվելն է»։

Մարդիկ վրդովված էին ոչ միայն ձվի հետ կապված իրավիճակի, այլև համատարած թանկացումների պատճառով։ «Չեմ գնել ձու, չեմ էլ ուզում գնել, որովհետև գինը չի համապատասխանում ինձ։ Ամեն ինչն են թանկացրել»։

Խանութներում արված հարցումներից էլ պարզվեց, որ ոչ միայն այսօր, արդեն մի քանի օր է ընդհանրապես ձու չեն ստացել, մատակարարներն ասել են՝ կլինի, բայց այդպես էլ ձուն խանութներին չի հասել։



Աղբյուր