Զինված անձինք հաիթացի պաստորին եւ եւս երեք մարդու առեւանգել են արարողության ժամանակ, որը հեռարձակվում էր Facebook-ի ուղիղ եթերում, հայտնել են լրատվամիջոցները, առեւանգման տեսանյութը հայտնվել է նաեւ համացանցում, հայտնում է Reuters-ը: 

Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են երգչախմբի երկու անդամները երգում հիմնը, այնուհետեւ նրանք անսպասելի իջեցնում են բարձրախոսները: Երաժշտությունը դեռեւս հնչում է, երբ հայտնվում է մի զինված մարդ եւ նրանց տանում:

Miami Herald պարբերականի հաղորդմամբ՝ Facebook-ում եւ YouTube-ում ցուցադրված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արվարձանային Դիկինիի ադվենտիստական եկեղեցում: 

Գրեգորի Ֆիգարո կրտսերը, ում հայրը ժամերգության հիմնադիրն է, Miami Herald-ին հայտնել է, որ 2 ավտոմեքենաներով եկել են 8-10 զինված մարդիկ եւ առեւանգել պաստորին ու երեք այլ մարդկանց, այդ թվում՝ դաշնակահարին: 

Նշվում է, որ Հաիթիում վերջին տարիներին դիտվում է բռնության աճ, դա հատկապես վերաբերում է մարդկանց առեւանգումներին՝ փրկագին ստանալու նպատակով, որը կաթվածահար է արել Հաիթիի տնտեսությունն ու հանրությանը:



Աղբյուր