[ad_1]

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Քլեմենտ Բոնին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հայտը հունվարի 21-ին ուղարկվել է Դեղերի եվրոպական գործակալություն, սակայն գործակալությունը  միայն մարտի սկզբին է հաստատել, որ ստացել է հայտը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ուրբաթ օրը ավելի վաղ Բոնը BFMTV-ի եթերում ասել էր, որ պատվաստանյութերի ռուսական արտադրողը մարտի սկզբին ինքն է հետաձգել Դեղերի եվրոպական գործակալությունում (EMA) դիմումի ներկայացումը: Բոնի խոսքով՝ նոր դիմումը մշակելու համար կպահանջվի երկու ամիս:

«Մենք պարոն Բոնին հայտնում ենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման պաշտոնական հարցումը ուղարկվել է 2021 թվականի հունվարի 21-ին: Գործակալությունը, սակայն, այս դիմումը ստանալու մասին հաստատել է միայն 2021 թվականի մարտի 4-ին: Այս փաստը վկայում է պատվաստումների հարցերում ԵՄ բյուրակրատիայի առաջնահերթությունների մասին», — ասվում է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանության տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը մարտի 4-ից ուսումնասիրվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալությունում: Ավելի վաղ վերջինս հույս էր հայտնել, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը կիրականացվի արագացված ընթացակարգով, բայց պատվաստանյութի գրանցման առնչությամբ հստակ օր դեռևս չի նշվում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական պատվաստանյութի հաստատումը, եթե դժվարություններ չլինեն, ակնկալվում է մայիսին:

Հիշեցնենք՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 58 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ: Lancet ամսագրի փոխանցմամբ՝ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս:



Աղբյուր