Զարգացած տնտեսություններով երկրները կարող են եկամտի, ժառանգության եւ գույքի ավելի առաջադեմ հարկերը, ինչպես նաեւ ընկերությունների «գերշահույթն» օգտագործել COVID-19 համավարակի պատճառով առաջացած անհավասարությունը նվազեցնելու համար, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

ԱՄՀ-ն նշել է, որ համավարակը խորացրել է նախկինում գոյություն ունեցող անհավասարությունը՝ առողջապահության, կրթության եւ թվային ենթակառուցվածքների հասանելիության հարցում, ինչը կարող է հանգեցնել եկամուտների շարունակական բացերի առաջացմանը սերունդների միջեւ: Երկրների մեծամասնությանը լրացուցիչ եկամուտ է անհրաժեշտ` COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու եւ ծառայությունները բարելավելու համար:

Կուրսը փոխելու համար երկրները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն կրթության, առողջապահության եւ փոքր տարիքի երեխաների զարգացման մեջ ներդրումների ավելացման ու սոցիալական պաշտպանության ցանցերի ամրապնդման վրա:

ԱՄՀ-ը հայտարարել է, որ անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնելու համար զարգացած տնտեսություններով երկրները կարող են մեծացնել իրենց եկամուտների հարկման առաջադիմությունը եւ կախվածությունը ժառանգության / նվիրատվության հարկերից եւ գույքահարկից:

Ձեւավորվող շուկայով երկրները եւ զարգացող տնտեսությունները պետք է կենտրոնանան հարկային կարողությունների ամրապնդման վրա` լրացուցիչ սոցիալական ծախսերը ֆինանսավորելու համար:

Oxfam-ը ողջունել է ԱՄՀ-ի աջակցությունը գերշահույթները եւ եկամտի առավելագույն մակարդակները հարկելու հարցում եւ կոչ է արել ԱՄՀ-ին հրաժարվել խիստ խնայողության իր պահանջներից:

«Համավարակը խորացրել է անհավասարությունը»,- ասել է Oxfam-ի ներկայացուցիչ Սուսանա Ռուիսը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում միլիարդատերերի կարողությունը «2020 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է ապշեցուցիչ 3,9 տրիլիոն դոլարով»:

ԱՄՀ-ն եւ կառավարությունները պետք է թույլ չտան, որ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամից հետո, երբ հարկման բեռը բնակչության ամենահարուստ եւ կորպորատիվ հատվածի եկամուտներից տեղափոխվեց տնային տնտեսությունների վրա: «Եթե ԱՄՀ-ն չընդունի հարուստներին հարկելու վերաբերյալ իր սեփական խորհուրդը, որպեսզի նվազեցնի հարուստների եւ աղքատների միջեւ եղած անջրպետը, անհավասարությունը կշարունակի աճել»,- ասել է Ռուիսը:



Աղբյուր