Ապրիլի 1-ից Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վենեսուելայի, Սիրիայի և Շրի Լանկայի հետ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նման որոշում է ընդունվել անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի կողմից։

Ըստ շտաբի որոշման՝ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսվի սահմանափակ ձևաչափով։ Ամենաշատ թռիչքները, փոխադարձ համաձայնեցմամբ, կիրականացվեն Գերմանիայի հետ։

Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական 1 թռիչք իրականացնել Ռուսաստանի շրջաններից դեպի Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի քաղաքներ։ Իսկ միջազգային թռիչքներ իրականացնող ՌԴ շրջանների ցանկը համալրվել է ևս 13 քաղաքներով։

Վերոնշյալ երկրներ, սակայն, կարող են մեկնել ոչ բոլորը։ Կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ զբոսաշրջային այցերը հիմնականում արգելված են։ Նշված երկրների մեծ մասը մուտքի հնարավորություն է տալիս միայն դիվանագետներին, ուսանողական վիզա կամ ապրելու իրավունք ունեցողներին։