[ad_1]

Ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզները և նրա ընկերները Վրաստանի տարածք մուտք են գործել օրինական կերպով, սակայն կարանտինային սահմանափակումների խախտումն անթույլատրելի է, ուստի նա տուգանվել է 600 դոլարով (2 հազար լարի), ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վլադիմիր Պոզները, որն ԱՄՆ-ի քաղաքացի է, չի խախտել օկուպացված տարածքների մասին օրենքը: Նա հաճախ է Վրաստան այցելում ամերիկյան անձնագրով, դա նրա հերթական այցն էր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի նորընտիր վարչապետը նաև հայտարարել է, որ Պոզները և նրա ընկերները, այսպես կոչված՝ կորոնավիրուսային անձնագրեր և թեստի բացասական արդյունք են ունեցել, հետևաբար, նրանք երկիր մուտք են գործել օրենքին համապատասխան։

«Ինչ վերաբերում է հյուրանոցներից մեկում կազմակերպված խնջույքին, հաշվի չառնելով սահմանափակումները, դա, իհարկե, անթույլատրելի է»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ այդ պատճառով Պոզները և նրա հյուրերը տուգանվել են։

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել լրագրող Պոզների այցի պատճառով, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդել են՝ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, ապա նրա ներկայությունն անընդունելի է։

Նրանք շրջապատել են հյուրանոցը, կարողացել են անջատել հյուրանոցի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև ձվեր են նետել։

«Մենք չենք պատրաստվում հեռանալ և կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր Աբխազիան չեն համարում Վրաստանի մաս, չեն լքել մեր երկիրը։ Կլինեն մշտական ակցիաներ», — հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Պոզները, որը նախատեսում էր Վրաստանում մնալ մինչև ապրիլի 3-ը, իր այցով պայմանավորված բողոքի ակցիաներից հետո լքել է Թբիլիսին։

 

 



Աղբյուր