[ad_1]

«Եթե կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն առանց խորը մտածելու, ապրիորի հայտարարեց, թե նպատակ ունեն բուհերի շենքերը վաճառել և Երևանից դուրս, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցել, ապա սխալվում եք։ Եթե նկատել եք՝ նրա բոլոր մտքերը (չշփոթել խոստումների հետ) հետո կոնկրետ գործողություններ են դառնում։ Ցավոք՝ միշտ վտանգավոր և քայքայիչ հետևանքներով։ Հայտնի խոսք կա. «Հետևի՛ր մտքերիդ, դրանք դառնում են խոսքեր, հետևի՛ր խոսքերիդ, դրանք դառնում են գործողություններ, հետևի՛ր գործողություններիդ, դրանք դառնում են սովորություն, հետևի՛ր սովորություններիդ, դրանք դառնում են բնավորություն, հետևի՛ր բնավորությանդ, դա դառնում է ճակատագիր»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր ունեցավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է հարցնել Փաշինյանին, թե՝ խաչակրաց արշավանք էիր սկսել գործող հյուրանոցի դեմ, պետականացրիր, բայց արդեն 2 տարի գնորդ չկա։ Գործող բիզնեսը, որն աշխատատեղեր ուներ, պետական բյուջե հարկեր էր վճարում, քմահաճույքով կազմաքանդեցիր, ավերակ դարձրիր։ Չկա հարցնող, դրա համար էլ մարդն ուզում է անցնել բուհերի շենքերին։ Դե, հետո կանցնի Մատենադարանին։ Ի՞նչ է եղել որ, կպատճառաբանի, թե՝ բա մեզ պե՞տք է Մատենադարանը։ Դա մի դժբախտ ու դժգույն կառույց է, որտեղ պահվում են հին ու փոշոտ թղթեր և գրքեր։ Դրանք կարելի է պահել ինչ-որ մի արխիվում ու վերջ։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, մեր խնդիրների «շան գլուխը» թանկացած ձվերի, ձեթի կամ բենզինի մեջ չէ թաղված։ Ձուն ու բենզինը հետևանք են, պարզ հետևանք փնթի ու հակապետական կառավարման։ Դրանց գները ընտրությունների նախաշեմին Նիկոլը հերոսաբար իջեցնել կտա, ոչինչ, որ մի քանի ամիս մարդիկ կիսասոված կլինեն, դրա փոխարեն ուրիշ մարդիկ կծափահարեն, կանցնի, կգնա։ Այդ կառավարման նպատակադրումը հետևյալն է՝ հայ հասարակությունից կերտել մի զանգված, որը չգիտի իր պատմությունը, կամ որը կսկսի կասկածել դրա ճշմարտացիություն մեջ։

Սկզբում մեզ ասում են՝ Շուշին ու Շուռնուխը հայկական չեն, օրերս էլ «ուսապարկերից» մեկն ասում էր՝ Քարվաճառը հայկական չէ, վաղն ասելու են, որ Սյունիքի ու Տավուշի այս կամ այն բնակավայրը հայկական չէ։ Օվերտոնի պատուհանը բացված է, ու ակտիվ քարոզչություն է տարվում մեր պատմության, եկեղեցու, բանակի, ընտանիքի դեմ։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում՝ ոնց են հասարակական կարծիք ու ընկալումներ ձևավորում։ Այսպես՝ պարզ ձևով, ինչ-որ մի գաղափար են հրապարակ նետում, ու սկսվում է դրա ակտիվ քարոզչությունը։ Ինչ-որ մի պահից հասարակության մի հատվածը սկսում է հավատալ դրա ճշմարտացիությանը, ու ամենասարսափելին՝ այդ նույն հասարակությունն է դառնում այդ գաղափարի ակտիվ քարոզիչը։

Լսեք Նիկոլի հետևորդների մառազմատիկ մտքերը, ուրիշ ոչինչ։ Ինչևէ, միշտ մտածել եմ, թե որն է պատճառը, որ ստրուկն ու ստրկատերը, վամպիրն ու իր զոհն ինչ-որ մի պահից սկսում են սիրել իրար, ապրել մեկը մյուսով։ Հիմա էլ չգիտեմ պատճառը, բայց ուրիշ բան գիտեմ՝ մեր հասարակության մի հատվածն այլևս սիրում է «վամպիրին»։ Դրան հասնելու համար Նիկոլի իշխանությունը մեծ աշխատանք է տարել, ակտիվ քարոզչություն է իրականացրել և, մեծ հաշվով, հաջողել է։ Այո, նա հաջողել է, ու մենք հիմա շատ թանկ ենք վճարում դրա համար։ Վճարում ենք հազարավոր զոհերով, հայրենիքի կտոր-կտոր կորստով, ի վերջո, պետականության կորստի վտանգով։ Եվ նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ, ովքեր ծափահարում են «պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար,որ դուք ձեզ պարտված չզգաք» առաջին հայացքից անբովանդակ ու զավեշտալի խոսքերին։

Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում Նիկոլը երկրորդ ռաունդով բթացնում է հասարակության զգոնությունն ու մեջքը շտկելու հնարավորությունը։ Նման խոսքեր ասելով՝ նա ընդամենը ցանկանում է մարդկանց մտքում ու հոգում նախ՝ մեղմել, հետո մոռացնել պատերազմն ու դրա զրկանքները։ Մարդն ասում է՝ մոռացեք այն ամենը, ինչ եղել է, ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, այն իմն է։ Անկեղծ ասած՝ մի քանի մարդու հետ խոսել եմ այս թեմայով։ Պարադոքս էր՝ մարդիկ այս խոսքերից հոգեպես բավարարվածություն էին զգում։ Այսպես է Նիկոլը կործանում բոլոր արժեքները, մոռացնալ տալիս պատմությունը, ի վերջո՝ արգելակ դառնում մեր՝ որպես հավաքական ազգ, մեջքն ուղղելու ու առաջ նայելու հնարավորությանը։ Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ, ինչո՞ւ ես դեռևս զբաղեցնում ՀՀ վարչապետի պաշտոնը»։ Սա է գլխավոր հարցը, մնացածը հանրությանը անթաքույց ծաղրելու ժանրից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 

 



Աղբյուր