[ad_1]

Հունաստանում իսպանացի ուսանողուհին դատապարտվել է պայմանական ժամկետի եւ տուգանվել է Սալոնիկի քաղաքում երեկույթ կազմակերպելու համար, հայտնում է AP-ը:

21-ամյա աղջիկը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հարեւանները զգուշացրել են իշխանություններին: Խնջույքի բոլոր 52 հյուրերը տուգանվել են 300 եվրոյով, իսկ տանտիրուհին՝ 3000 եվրոյով:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հիվանդությունների փոխանցումը կանխելու միջոցները եւ հասարակական կարգը պահպանելու կանոնները խախտելու մեջ եւ դատապարտել է վեց ամիս եւ 10 օր ժամկետով ազատազրկման՝ երեք տարով հետաձգելով պատժի կատարումը։

Դատավարությունից հետո աղջիկը, ով ասել է, որ միայն մեկ ամիս է, ինչ գտնվում է Հունաստանում եւ չգիտի, որ երկրում մեկուսացման միջոցներ են գործում, ազատ է արձակվել:

Հունաստանը խիստ սահմանափակումներ է մտցրել նոյեմբերի սկզբից, քանի որ իշխանությունները փորձում են կասեցնել կորոնավիրուսային վարակների եւ մահացությունների աճը: Առեւտրի ոլորտը փակ է, հավաքույթներն արգելվում են, բնակիչները կարող են լքել իրենց տները միայն որոշակի պատճառներով եւ եթե հաղորդագրություն ուղարկեն իշխանություններին կամ լրացնեն պահանջվող ձեւաթուղթը: Դիմակներ կրելը պարտադիր է բոլոր փակ եւ բաց հանրային տարածքներում:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Հունաստանը երեքշաբթի օրը գրանցել է նոր վարակների ռեկորդային մակարդակ՝ 4340 նոր դեպքով եւ 72 մահվան դեպքերով: Առողջապահական համակարգը խիստ ծանրաբեռնված է, շատ վերակենդանացման բաժանմունքներ աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ:



Աղբյուր