[ad_1]

Մարտի 27-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի  հետ ստորագրեց շուրջ 5 տարի բանակցված և 25 տարվա տևողություն ունեցող «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Հայաստանի վրա չին-իրանական հարաբերությունների բարելավման հնարավոր ազդեցության մասին Tert.am-ը զրուցել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), AsiaGlobal Fellow, Ասիա գլոբալ Ինստիտուտ, Հոնկոնգի համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։ 

-Պարոն Սահակյան, ստորագրվել է Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական նշանակության փաստաթուղթ, որը, ըստ շատ կանխատեսումների, կարող է բեկում մտցնել մեր տարածաշրջանային զարգացումներում։ Ձեր տպավորությամբ՝ այն ի՞նչ նշանակություն ունի երկու կողմերի համար, դրանով կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ խնդիր է լուծում իր համար։

-Մենք ականատեսն ենք դառնում աշխարհակարգի փոփոխությանը, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծում են Արևելյան բևեռը։ Իրանն իր հերթին, վերջնականապես հույսը կորցնելով, որ կհաջողվի բարելավել Արևմուտքի հետ հարաբերությունները, այս Համապարփակ գործընկերության համաձայնագիրը ստորագրելով` հստակ անցնում է Արևելյան բևեռի կողմը։ Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել չին-իրանական ռազմավարական համագործակցությունը։ Համենայն դեպս, Իրանի վրա դրված պատժամիջոցների պայմաններում դժվար կլինի ապահովել չինական նոր ներդրումներ Իրանում։ Չինաստանն իր հերթին ապահովում է Իրանի տարածքով անցնող երկաթգծային, ճանապարհային ենթակառուցվածքների օգտագործումը` սեփական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Իրանին վերցնելով իր հովանավորության ներքո` Չինաստանը Մերձավոր Արևելքում փորձում է հավասարակշռել ուժերի հարաբերակցությունը հիմնական խաղացողների միջև, թույլ չտալով, որ ԱՄՆ-ը վերջնականապես կործանի Իրանը։ Այս համաձայնագրով Չինաստանն ու Իրանը նաև միավորում են ջանքերը կիբերանվտանգության ոլորտում միասնական գործելու համար, ինչը ևս որոշակի փոփոխություններ կբերի միջազգային անվտանգության ճարտարապետությունում։

— Շատ է քննարկվել մեր տարածաշրջանում Չինաստանի հետաքրքրությունների թեման։ Այն իր արմատները, մասնավորապես, գցեց Իրանում, և վերջին փաստաթղթով էլ կարծես լուծելու է մի շարք, հատկապես տնտեսական նշանակության նախագծերի իրականացման խնդիրը։ Խոսքը վերաբերում է հատկապես կոմունիկացիաների ստեղծմանը, դրանց գործարկմանը։ Դրան զուգահեռ տեսնում ենք մեր հարևան այլ երկրների ներգրավվածությունը նմանատիպ խոշորամասշտաբ նախագծերում՝ երկաթգծերի, գազատարների կառույցում և այլն, և այս ամենը, կարծես, անցնում է Հայաստանի կողքով։ Ի՞նչ եք կարծում՝ Իրան-Չինաստան փաստաթղթով իրագործվելիք ծրագրերը որքանո՞վ կարող են առնչվել մեզ, Չինաստանը որքանո՞վ կարող է շահագրգռված լինել այդ հարցում։

— Ներկա փուլում ավելի հավանական եմ տեսնում չին-իրանական համաձայնագրի քաղաքական, մշակութային, կիբերանվտանգության, ռազմատեխնիկական բաղադրիչների լուծումը։ Տնտեսական հատվածը շատ դժվար իրագործելի է՝ կապված ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Սա ազդել է նաև երկկողմ առևտրի վրա, եթե 2019 թվականին այն շուրջ 23 միլիարդ դոլար էր, ապա 2020 թվականին իջել էր մոտ 14 միլիարդի։ Համենայն դեպս կողմերը ներկայումս մտածում են նաև համատեղ առանձին դրամային փոխանցման համակարգ ստեղծելու մասին, որը կշրջանցի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող SWIFT-ը և ֆինանսական պատժամիջոցները։ Ուստի դժվար է ներկա իրավիճակում խոսել Հայաստան-Չինաստան-Իրան եռակողմ տնտեսական գործունեության մասին, որը կբխի Չինաստան-Իրան համապարփակ համագործակցության համաձայնագրից։ Ավելի հավանական կլինի, եթե Հայաստանը կողմերի հետ հարաբերությունները զարգացնի երկկողմ բանակցությունների միջոցով, ինչպես նաև բազմակողմի համար օգտագործի ԵԱՏՄ-Իրան, Չինաստան-ԵԱՏՄ ձևաչափերը։

— Հայաստանյան այսօրվա իշխանությունները հռետորաբանության մակարդակում մշտապես կարևորել են Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, մշտապես խոսել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծում Հայաստանի նեգրավվածության մասին։ Այսօրվա դրությամբ խոսքից գործին անցնելու որևէ արդյունք տեսանելի՞ է։

— Ոչ մի արդյունք, բայց Երևանում ՉԺՀ նոր դեսպանի նշանակումը հարաբերությունները թարմացնելու հնարավորություն են ընձեռում։

-Հայտնի բան է, որ Չինաստանի նպատակը տարբեր տարածաշրջաններում իր ազդեցությունը մեծացնելն է։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանում ևս նման հետաքրքրություն կա, ապա ի՞նչ կտա դա մեզ։ Մենք դրանից կշահե՞նք, թե՞ հնարավոր է ավելի շատ բան կորցնենք։

-Չինաստանը Հայաստանը, Ադրբեջանը դիտարկում է որպես Ռուսաստանի հետաքրքրության գոտի և շատ դեպքերում Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու հարցերում ճշտումներ է կատարում նաև Մոսկվայի հետ։ Իրականում առաջին հերթին Հայաստանը պետք է հստակ ռազմավարություն ունենա Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ինչը գոյություն չունի։ Առաջին հերթին այդ տեսլականը պետք է ձևավորվել հասկանալով, որ Չինաստանը գերտերություն է, նրա գործոնը միջազգային հարցերում գնալով աճելու է, կարևոր է, որ Երևանի ձայնը ևս լսելի լինի Պեկինում։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը և Թուրքիան զարգացնում են իրենց հարաբերությունները Պեկինի հետ, ամրապնդում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի դերը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Վտանգ կա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռած հնարավորություններն օգտագործել նաև Հայաստանի դեմ։ Ուստի Հայաստանին անհրաժեշտ է վերաիմաստավորել սեփական հարաբերությունները Պեկինի հետ, ստեղծել ռազմավարական ճանապարհային քարտեզ, օգտագործել արհեստավարժների գիտելիքները, կապերը և հայ-չինական հարաբերությունները դուրս հանել ճահճից։

 



Աղբյուր