[ad_1]

Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել կորոնավիրուսի համավարակից հետո Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տիրող տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, ըստ կանխատեսումների` տնտեսության վերականգնման տեմպերը 2021 թվականին ավելի արագ կլինեն, քան ակնկալվում էր նախկինում, ինչը պայմանավորված է արտաքին պահանջարկի և արդյունաբերական ապրանքների գների կայունացման մակարդակի բարձրացմամբ:

Ըստ զեկույցի` Հարավային Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) 2021 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի աճ 3,1 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին տեղի է ունեցել ՀՆԱ-ի 1,5 տոկոսով նվազում:

Ի դեպ, նշվում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 3,4 տոկոս, Ադրբեջանում` 2,8, Վրաստանում` 4: Մինչդեռ 2020 թվականին ՀՀ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի 7,6 տոկոսով անկում, Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է -4,3 տոկոս, Վրաստանում` -6,2: Այս տարի Թուրքիայում ակնկալվում է ՀՆԱ-ի 5 տոկոսի աճ, իսկ 2020-ին աճը կազմել է 1,8 տոկոս:

«2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը` 7.6 տոկոս, COVID-19-ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական բախումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:

Մարտահրավերների համատեքստում նշվում է ՀՀ կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները:

2022 թվականին Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի 4,3 տոկոսի աճ, Ադրբեջանում` 3,9, Վրաստանում` 5, Թուրքիայում` 4,5:

«Նախատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ 3,4 տոկոս և ավելի ուժեղ 2022 թվականին՝ 4,3 տոկոս: Վերականգնումը դանդաղ կլինի. մինչև 2023 թվականը տնտեսությունը դժվար թե վերադառնա մինչև COVID-ը եղած արտադրանքի մակարդակին»,-ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկը նկատել է, որ նախնական սցենարի համաձայն ենթադրվում է, որ իշխանությունները չեն կիրառի լրացուցիչ արգելափակումներ, սահմանափակումներ 2021 թվականին:

Զեկույցում նշված է՝ ակնկալվում է, որ մասնավոր սպառումը և ծառայությունների ոլորտն աստիճանաբար կվերականգնվեն: Մասնավոր ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան զսպված՝ արտացոլելով ներդրողների թույլ վստահությունը: Հետկոնֆլիկտային մեծ ծախսերը և հանրային ներդրումների հավակնոտ ծրագրերը, չնայած մեղմված են կատարման մարտահրավերներով, սակայն կբարձրացնեն հարկաբյուջետային դեֆիցիտը և միջնաժամկետ հեռանկարում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կբարձրացնեն 70 տոկոսից:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ միջին գնաճը մոտ կմնա ՀՀ ԿԲ-ի 4 տոկոսանոց նպատակին, բայց կարող է աճել, եթե պարենի և վառելիքի համաշխարհային գները շարունակեն անսպասելիորեն բարձրանալ: Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների հոսքերը կզսպվեն, բայց պետական փոխառությունները միջնաժամկետ հեռանկարում պահուստները կպահեն հարմարավետ մակարդակի վրա:

 



Աղբյուր