[ad_1]

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար կառուցվող շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը, մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործարկվի շարժական հիվանդանոց: Ինչպես հայտնում է  ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, այս մասին տեղեկացրել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

Վերջինս մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար հերթական բլոկ-մոդուլային քաղաքի բացման արարողությանը, որը նախատեսված է 250 մարդու համար: Յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այսօրվա դրությամբ ավարտում ենք 25 նման քաղաքների կահավորումը, ընթանում է շահագործման հանձնելու գործընթացը: Բոլորը կշահագործվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, այսինքն` մեր բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն»,- ասել է բանակի գեներալը:

Բացի այդ, նա հավելել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղում շարժական հիվանդանոց է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին որակյալ օգնություն կցուցաբերվի:

Մոտ երեք ամսում Լեռնային Ղարաբաղում կառուցվել և շահագործման է հանձնվել 12 բլոկ-մոդուլային քաղաք, որոնք տեղակայված են Ստեփանակերտում, Քարաքենդում, Մարտունիում, Ասկերանում, Խաչմաչում: Առաջիկայում նման քաղաքներ կհավաքվեն Ճարտար, Սոս, Կարմիր շուկա, Մարտակերտ, Շուշի, Ջեբրաբերդ և այլ բնակավայրերում:



Աղբյուր