«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խոր և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։

Ն. Փաշինյան. Թիվ 1 ուսապարկ

Երկրի թիվ 1 ուսապարկը Ն. Փաշինյանն է։ Այս իրողությունն արձանագրելով է միայն հնարավոր հասկանալ ուսապարկային պետության իրական շերտերը։ Փաշինյանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտոնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը հաշվարկել և ազդել դրանց վրա։ Ինքը շատ լավ դա հասկանում է։

Փաշինյանն ուսապարկ է թե´ դրսի համար, թե´ ներսի։ Արտաքին աշխարհի համար նա գործընկեր չէ, և Ալիևն ու Էրդողանը դա պարբերաբար շեշտում են։ Ռուսաստանի համար նա Մուրադովի օգնականին համարժեք ինչ-որ կարգավիճակ ունի, Արևմուտքի համար՝ ասենք մի քիչ ավելին է քան, օրինակ, Դանիել Իոանիսյանը, քանի որ hակառուսական պրոցեսների համար ունի որոշակի դերակատարում։

Պակաս վտանգավոր չէ Փաշինյանի՝ «ներքին ուսապարկի» կարգավիճակը։ Իշխանության մեջ ակնհայտորեն ձևավորվել է մի խումբ, որը Փաշինյանին վերապահում է շրջիկ կլոունի դերակատարում՝ մարզային այցեր, միտինգներ և այլն։ Եվ հենց այդ խումբն է տնօրինում երկրի ֆինանսական ռեսուրսները, փորձում քաղաքական պրոցեսներ կառավարել, ղեկավարել ուժային համակարգը, իրավապահ համակարգը, բանակցել այլոց հետ և այլն։ Այդ խումբը կազմված է 90-ականների իշխանության ներկայացուցիչներից՝ պաշտոնյաներ, դատախազներ, օլիգարխներ և այլն։ Սա «վերթիմային» մի խումբ է, որի համար Փաշինյանը և ԱԺ 85-ը միայն գործիք են՝ վերահսկողություն ապահովելու, փող աշխատելու, կառավարելու համար։

Ուսապարկ ԱԺ

Ի սկզբանե «ուսապարկ» որակել էին «Իմ քայլին»։ Նրանց գուցե իրոք թվում է, թե իրենք են հենասյունը, և իրենք կարևոր են։ Իրականում «Իմ քայլին» վերապահված է «թիմային կլոունի» կարգավիճակ, որտեղ, սակայն, ամեն ինչ չէ նույն հարթության վրա։

Կան «վերազգային» ուսապարկեր, ովքեր հրահանգներ ստանում են ոչ թե հայաստանյան հիմնարկներից, այլ միջազգային։

Կան «անորոշ IQ-ով» ուսապարկեր, ովքեր իսկապես ներշնչվել են, թե իրենք Նոր Հայաստանի կերտողներն են և գաղափարական մարտիկները։

Կան «ձևավորված նոր կլանների» ուսապարկեր, ովքեր ուղղակի կատարում են վերը նկարագրված՝ իշխանության ռեալ լծակներին տիրապետող խմբի հրահանգները։

Կան «անդեմ ուսապարկեր», որոնց անունները և դեմքերը հանրությանը հայտնի չեն, և նրանք իներցիայով գոյատևում են՝ մտավախություն ունենալով, որ ուսապարկից այն կողմ կյանք գոյություն չունի։

Ուսապարկ անվանված իշխող խմբակցությունում մի հայտնի օրենք է գործում. «Իմ ուսապարկի ուսապարկը իմ ուսապարկը չէ»։ Սա ձևավորում է ճյուղավորված հարաբերություններ, որը դժվարացնում է քաղաքական երկխոսությունը այդ ուժի հետ։

Ուսապարկ ինստիտուտներ

Պետական ինտիտուտների ճնշող մեծամասնությունը չի աշխատում, տեղի է ունեցել տոտալ ուսապարկացում։ Բայց տարբեր ինստիտուտների ուսապարկացումը տարբեր աստիճանի է։

Անհնար է պատկերացնել, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ ստորագրած գեներալները, բանակի ղեկավարությունը օրեր հետո հոտնկայս դիմավորում է նույն մարդուն, որի մասին տվել է այդ ձևակերպումը։

Փաստորեն՝ արտաքին աշխարհի, թշնամու, բարեկամի կողմից ուսապարկ ընկալվող վարչապետը, որը նաև իր իշխանության մի խմբի կողմից է ուսապարկ դարձել և օգտագործվում է որպես ժամանակավոր գործիք, կարողանում է հայկական բանակի հրամկազմին սարքել ուսապարկ։ Պարզ է, չէ՞, որ նման պետությունը պետք ենթարկվեր և ենթարկվի խոշոր վթարների։

Ուսապարկ- քննչականներ, ուսապարկ -մարզպետարաններ, ուսապարկ-Հ1 և այլն

Ապշեցուցիչ է, բայց ուսապարկ է դառնում է նաև«Հայաստան» Համահայկական հիմնադրամը, որից, պարզվում է, ուղղակի, առանց որևէ ընթացակարգերի կարելի է վերցնել 52 մլրդ ու հետո ասել՝ հաշվետվություն չեմ տալիս. չեմ ուզում՝ չեմ տալիս։ Իսկ գիտե՞ք ինչու է դա հնարավոր. որովհետև հոգաբարձուների խորհրդում, ըստ կանոնադրության, մեծ թիվ են կազմում գործող պաշտոնյաները։ Ուսապարկ-պաշտոնյաների մի զգալի խումբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ եթե Փաշինյանը տեսախցիկի առաջ բառիս բուն իմաստով ծամելով ուտեր այդ գումարը, միևնույն է, Ա. Միրզոյանը, ԿԲ նախագահը, ֆիննախը և այլոք ասելու էին՝ դա նորմալ է։

Կան եզակի դիմադրող համակարգեր, օրինակ՝ դատարանները։ Եվ Հայաստանի ինքնափլուզման ամենակոշտ խոչընդոտներից մեկն այսօր հենց դատարաններն են։ Եթե մի հրաշքով կարողացանք փրկել Հայաստանը, ապա դատարաններն է´լ ավելի անկախ ու է´լ ավելի ամուր դարձնելու խնդիրը պետք է դարձնել առաջնահերթ՝ ապագա բոլոր հնարավոր ավանտյուրիստական սցենարների դեմ ինստիտուցիոնալ պատնեշ ունենալու համար։

Ուսապարկ- հասարակություն

Սեպտեմբերի 27-ից հետո Փաշինյանի իշխանության գոյությունը Հայաստանում խոսում է հասարակության ուսապարկացման մասին։ Մարդը, որը պատերազմ բերեց երկիր, զոհեց ամբողջական սերունդ ու հարցականի դրեց պետության գոյությունը, շարունակում է իշխանության մնալ։

Մարտի 1-ի բերովի հանրահավաքից հետո, «մեզ Ղարաբաղ ու Սյունիք պետք չեն» հանրային որոշակի տրամադրությունների առկայության պայմաններում, գյուղերում աղ ու հացով նրան դիմավորելուց հետո (թեկուզ՝ բեմականացված) արձանագրվում է, որ դու ունես ուսապարկ-հասարակության խնդիր, ու հասկանում ես, որ չես կարող հաշվարկել դրա իրական մասշտաբները։

Ամենավտանգավոր հետևությունը

Ձևավորվել է պետության առաջին դեմքերի, պետական ինստիտուտների և հասարակության որոշակի շերտի ուսապարկ-համակարգ։

Պետությունը չունի ինքնուրույն ներքին և արտաքին օրակարգ, պետական ինստիտուտները չեն գործում օրենքով իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակում։ Ամենավտանգավոր հետևությունը՝ Հայաստանը վերածվել է ուսապարկ-պետության։ Չմանրամասնելով դրա էությունը՝ ուղղակի ֆիքսենք իրականության պարամետրերը.

Պետությունը դարձել է պատանդ Փաշինյանի ձեռքում։

Ուսապարկ-պետության կարգավիճակը խիստ ժամանակավոր է, և ընթացքը չկասեցնելու դեպքում «պետություն» բաղադրիչը դուրս է մղվելու։

ողբերգությունը կասեցնելու հեռանկարն առայժմ խիստ մշուշոտ է

Հայաստանի ուսապարկացման պրոցեսը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր պետություններին, բացի Հայաստանից»։



Աղբյուր