ԱՄՆ սենատորը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին կոչ է արել ընդհանրապես հանել Թուրքիան F-35 անտեսանելի կործանիչների ծրագրից՝ Ռուսաստանից С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար՝ ասելով, որ հակառակ դեպքում այնպիսի երկրները, ինչպիսին Հնդկաստանն է, նույնպես նմանատիպ գնումներ կկատարեն, հաղորդում է PTI-ն: «Թուրքիային F-35-երի մատակարարման շղթայից դանդաղ հեռացնելը սխալ ազդանշան է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հնդկաստանը, որոնք քննարկում են նմանատիպ գնումները»,- Օսթինին ուղղված նամակում նշել է սենատոր Ջեյմս Լանքֆորդը: ԱՄՆ-ը պետք է շարունակի «դաշնակիցներին եւ գործընկերներին կոչ անել հրաժարվել ռուսական տեխնոլոգիայից»,- ասել է սենատորը: «Բայց եթե մենք ձեռնպահ մնանք Թուրքիային լիովին պատասխանատվության ենթարկելուց` թույլ տալով նրան շարունակել մասերի արտադրությունը, մենք Հնդկաստանին եւ մյուս գործընկերներին կհասկացնենք, որ նման պահվածքն ընդունելի է, կամ գոնե հետեւանքներ չի ունենա»,- գրել է Լանքֆորդը: «Դա վնաս կհասնի գործընկերների եւ Մոսկվայի հետագա ռազմական համագործակցությունը խոչընդոտելու մեր ջանքերին»: Իր նամակում սենատորը նաեւ դժգոհություն է հայտնել այն մասին, թե որքան դանդաղ է աշխատում պաշտպանության նախարարությունը՝ F-35 կործանիչի մատակարարման շղթայից Թուրքիային հեռացնելու հարցում: «Մինչ դուք (Օսթին) եւ պետքարտուղար Բլինքենը ջանքեր եք գործադրում F-35 ծրագրի անվտանգությունն ապահովելու համար եւ Թուրքիային կոչ եք անում հրաժարվել С-400-ից, թուրքական արտադրողները շարունակում են արտադրել եւ մատակարարել ինքնաթիռների հիմնական մասերը»,- ասել է սենատորը: «Ես ձեզ կոչ եմ անում արագացնել Թուրքիային F-35 մատակարարման շղթայից հեռացնելու գործընթացը»,- հավելել է Լանքֆորդը:

Նշենք, որ Վաշինգտոնը Թուրքիային հանել է F-35 Lightning II ռեակտիվ ինքնաթիռների ծրագրից 2019-ին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական С-400 հրթիռային համակարգեր, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համակարգերի համար: Այնուամենայնիվ, թուրք կապալառուները շարունակում են մասեր արտադրել հինգերորդ սերնդի կործանիչի համար՝ չնայած ծրագրից Թուրքիային հեռացնելուն եւ պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառմանը:



Աղբյուր