ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում

բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս:

Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում:

Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում: