Եվրոպական շուկայում Peugeot 208 կոմպակտ հեչբեքն առաջին անգամ դարձել է ամենաշատ վաճառվող մոդելը, հայտնել է ֆրանսիական ավտոարտադրողը, փոխանցում է «Վեստին»: 

Հաջողությանը հասել են հունվարին, իսկ փետրվարին հեչբեքը պահպանել է առաջատարի դիրքը: Հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սա ապրանքանիշի առաջին ավտոմեքենան է, որն առաջարկում է բենզինային, դիզելային եւ էլեկտրական մոդիֆիկացիա, պարզաբանել են Peugeot-ի մամուլի ծառայությունում:

«Ավտոստատի» եւ JATO Dynamics-ի տեղեկություններով՝ Peugeot 208-ը ԵՄ-ում ըստ վաճառքի առաջին տեղն է գրավել 18,375 հազար մեքենա արդյունքով: Երկրորդ տեղում Peugeot 2008-ն է՝ վաճառված 17,120 հազար մեքենայով, երրորդ տեղում է Volkswagen Golf-ը (16,185 հազար մեքենա): Լավագույն հնգյակում են նաեւ Toyota Yaris-ը (15,467 հազար մեքենա) եւ Fiat Panda-ն (15,4 հազար մեքենա): Հաջորդում են՝ Renault Clio-ն, Citroen C3-ը, Opel/Vauxhall Corsa-ն, Skoda Octavia-ն եւ Volkswagen T-Roc-ը:

2021 թվականի փետրվարին Եվրամիությունում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը գրանցել էր 19,3 տոկոսով անկում, քանի որ COVID-ի զսպման միջոցառումները եւ անորոշությունը նախկինի պես լրջորեն անդրադառնում են պահանջարկի վրա, նշված է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) մամուլի հաղորդագրության մեջ: ԵՄ երկրներում գրանցված է 771,486 հազար նոր ավտոմեքենա՝ 2013 թվականից սկսված դիտարկումների ամբողջ պատմության մեջ սա փետրվարի համար ամենացածր ցուցանիշն է:



Աղբյուր