[ad_1]

Երկուշաբթի Մինեապոլիսում սկսվում է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանած  նախկին ոստիկան Դերեկ Շովինի դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է FoxNews հեռուստաալիքը:

Նախկին ոստիկան Դերեկ Շովինը մեղադրվում է ձերբակալման ընթացքում Ֆլոյդին սպանելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին և առաջացրել է հասարակության լայն բողոքի ակցիաներ՝ ամբողջ երկրում բողոքում էին ոստիկանության բռնությունների և սևամորթների նկատմամբ խտրականության դեմ:

Դատավարությունը սկսվել է նախագահող դատավորի ավանդական ելույթով: Նա խնդրել է ներկաներին դատավարության ընթացքում հրաժարվել սոցիալական ցանցերում դրա մասին լուրերն ու տեղեկությունները դիտելուց:

Դատավարության պաշտոնական բացումից հետո խոսք է վերցրել Շովինի գործով մեղադրող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ջերի Բլեքվելը: Նա սկսել է հիշեցնելով երդման և պարտավորության մասին, որը ստանձնում է Մինեապոլիսի յուրաքանչյուր ոստիկան: «Մենք կապացուցենք, որ պարոն Շովինը մեղավոր է (Ֆլոյդի մահվան համար), մենք կապացուցենք, որ նրա գործողությունները հանգեցրել են  Ջորջ Ֆլոյդի մահվանը»,-ասել է Բլեքվելը:

Նա նշել է, որ ծրագրում է ապացուցել այս մեղադրանքը փորձագիտական ցուցմունքների և Ֆլոյդի մահվան ուղղակի վկաների միջոցով: Դատախազը հավելել է, որ Ֆլոյդի կալանավորումը տևել է 9 րոպե 29 վայրկյան, որից 4 րոպեից ավելի ոստիկանը շարունակել է սեղմել առանց արդեն անշունչ տղամարդու պարանոցը գետնին:

«Դուք կտեսնեք, որ նա (Ֆլոյդը) 4 րոպեում 27 անգամ ասել է, որ չի կարողանում շնչել»,-ասել է Բլեքվելը:

«Բայց նույնիսկ երբ պարոն Շովինին ասում են, որ նրա մոտ (Ֆլոյդի) զարկերակ չկա, նա շարունակում է նրան սեղմել գետնին, նույնիսկ երբ շտապօգնությունը գալիս է, երբ բուժաշխատողը ստուգում է զարկերակը, նա մնում է նույն դիրքում, և միայն այն ժամանակ, երբ Ֆլոյդին տեղափոխվել են պատգարակի վրա, նա հանում է ծունկը: Սա տևում է 4 րոպե 44 վայրկյան»,-ասել է դատախազը: Նա  ներկայացրել է անցորդների պատրաստած տեսանյութը, որում ֆիքսված է ողջ ողբերգությունը:

«Մենք կապացուցենք, որ ուժի չափազանց մեծ կիրառումը պատահական չի եղել, մենք կապացուցենք, որ նա (Շովինը) դա գիտակցաբար է արել»,- ասել է Բլեքվելը:

ՄՆեղադրող կողմից հետո խոսք է վերցրել նախկին ոստիկանի փաստաբան Էրիկ Նելսոնը:Նա սկսել է ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ պատմելով Ֆլոյդի ձերբակալությանը նախորդած իրադարձությունները: Նա պատմել է հանգուցյալի կողմից թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ դիմադրության մասին, որը Ֆլոյդը ցույց է տվել ոստիկանությանը ձերբակալման ընթացքում:

«Չկա որևէ ապացույց, որ մահվան պատճառը ֆիզիկական խեղդումն էր, արյան լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել (թմրանյութերի) առկայությունը»,-ասել է նախկին ոստիկանի փաստաբանը: Նա նաև հերքել է ուժի չափազանց մեծ կիրառման մասին մեղադրանքները. «Մենք ցույց կտանք, որ Դերեկ Շովինը արել է այն, ինչ իրեն սովորեցրել են 19 տարի»:

«Այսօր առավոտյան դուք տեսել եք (միջադեպը) անցորդների տեսանկյունից, հիմա դուք դա կտեսնեք ոստիկանության տեսանկյունից: Ոստիկանությունը ամբոխին ընկալել է որպես աճող սպառնալիք, և դա նրանց ստիպել է շեղվել ( Ֆլոյդի իրավիճակից) »,-ասել է Նելսոնը` մի քանի անգամ շեշտելով, որ ոստիկանությունը վտանգ է զգացել այն անցորդների կողմից, որոնք փորձում էին կանխել աֆրոամերիկացու մահը:

Դատավարությունը կարող է տևել մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, հետո ժյուրին որոշում կկայացնի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:



Աղբյուր