[ad_1]

ՏՄՊՊՀ-ն ունի շարունակական անելիք, և եթե սպառողական ապրանքների մեծամասնությունը չափից ավելի է թանկացել, հանձնաժողովը պետք է նկատողություն տա հավելուրդային գնագոյացման պատասխանատուներին. կարելի է նաև առավել խոցելի խավերին փոխհատուցել կենսականորեն կարևոր ապրանքներ գնելու նպատակով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Իշխանությունը խոսում է վերականգնողական աճի մասին, երբ այլ հավասար պայմաններում դա կլիներ 2 տոկոսանոց աճ, մինչդեռ իրենք հաշվում են նաև կորսված 8 տոկոսը, գումարում և ստանում երկնիշ թիվ։ Կարելի է քննարկել, թե որքանով է դա հնարավոր, բայց ըստ իս՝ դա չի լինի, այս տարի մեր տնտեսական աճը կլինի զրոյի շրջակայքում։ Համավարակի ընթացքում մեր տնտեսության կառուցվածքն է փոխվել, հետևանքներն էլ չեն վերացել։ Մեր ամենամեծ ճյուղը ծառայություններն են, որն ի տարբերություն ապրանքների արտադրության՝ պահանջում է անմիջական շփում»,- ասել է տնտեսագետը:

Ըստ Գաբրիելյանի՝ երբեմնի պրակտիկան, երբ մարդիկ ինտենսիվ հաճախականությամբ շփվում էին, հետ չի գա, քանի որ շատերը գտել են առցանց այլընտրանքներ. «Շատ բան մարդիկ սպառելու են տանը մեկուսացած։ Սա մի խնդիր է, որը մենք չենք լուծել, մենք հեռու ենք թե՛ «հոտային իմունիտետից», թե՛ զանգվածային պատվաստումից։ Մինչև երրորդ եռամսյակ վերականգնողական ակտիվությունն անհնար է։ Տուրիստների էական հոսք չի լինի, ծառայությունները չեն կարողանա հետ բերել իրենց բաց թողած աճը։ Տեմպերի տեսակետից մենք չենք ունենալու պահանջարկի վրա ազդող փոփոխություն»:

Նախկին փոխվարչապետի կարծիքով՝ առկա է նաև բնակչության գնողունակության անկում, կրճատվել են բարձր աշխատավարձով աշխատատեղերը. «Մարդկանց եկամուտները նվազել են, ավելացել են միայն նվազագույն աշխատավարձով աշխատատեղեր, խոշոր սեկտորի աշխատավարձն էլ կրճատվել է, էապես ընկել է գնողունակությունը, տնտեսական անհամաչափությունը բերել է եկամուտների նվազման։ Այս դեպքում ենթադրել տնտեսական աճ, երբ պահանջարկը նվազում է, պարզապես անհիմն է»:

Վաչե Գաբրիելյանի պնդմամբ՝ խոշոր ներդրումներ չկան և չեն լինի, քանի դեռ չունենք կայունություն և անվտանգություն։ «Համաշխարհային բանկը ֆիքսել է՝ ներդրումների հիմնական պայմանը քաղաքական կայունությունն է, մենք այդ հարցում որոշակիություն չունենք։ Պետական պարտքը շարունակելու է աճել, մենք խախտել ենք կապիտալ և ընթացիկ ծախսերի համամասնությունը։ Պետք է ուշադրություն դարձնել տնտեսության կառուցվածքին, խախտվել են հարկաբյուջետային կանոնները, մեր պետությունը հիմա շատ ավելի մեծ ֆիսկալ բեռ ունի, քան պետք է ունենար այս պայմաններում։ 2019-ին մարդիկ աննախադեպ չափի սպառողական վարկեր վերցրին, քանի որ վստահություն ունեին վաղվա օրվա նկատմամբ, հիմա այդ վստահությունը չկա, բանկերի վարկերի կառուցվածքը փոխվել է, ուղղակի սպառողական վարկերը տեղի են տվել»,- ամփոփել է Վաչե Գաբրիելյանը:

Դավիթ Սարգսյան



Աղբյուր