[ad_1]
Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն 11 մասնակից Է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության և անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետևանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Times of India թերթը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Բողոքի զանգվածային ցույցերն անցկացվել են արմատական մուսուլմանական կազմակերպությունների կողմից Պակիստանից Բանգլադեշի անկախության հռչակման՝ մարտի 26-ին նշվող 50-ամյակի առթիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Դաքա կատարելիք այցի դեմ:
Իսլամիստները նրա վարչակազմին մեղադրում են երկրի մուսուլման բնակչության նկատմամբ խտրականության համար: Առավել կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել մարտի 28-ին Դաքայում, որտեղ «Հեֆազաթ է իսլամ» խմբավորման իսլամիստները հարձակումներ են գործել պետական հիմնարկությունների, հնդուիստական տաճարների և մարդատար գնացքների վրա, հրկիզել են ավտոբուսներ և քարեր նետել ոստիկանների վրա:
Իրավակարգի ուժերը հարկադրված են եղել արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ կիրառել ջարդարարների դեմ:
Ներկայումս Դաքայում իրադրությունը մնում Է լարված: Իշխանությունները և ոստիկանությունը միջոցներ են ձեռնարկում նոր անկարգությունների կանխման համար: