[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է` իրեն չի մտահոգում այն փաստը, որ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա շաբաթներին ծրագրում է ամերիկա-մեքսիկական սահման այցելել:

«Մենք իրականացնում ենք մի ծրագիր, որում ես շատ վստահ եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է անում նա»,- համապատասխան հարցին պատասխանել է ամերիկացի առաջնորդը:

Ավելի վաղ Fox News-ի եթերում Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել ամերիկա-մեքսիկական սահման, որտեղ նա, լինելով պետության ղեկավար, սկսել էր պատ կառուցել։

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ չի համարում իր ուղևորությունը սահման, սակայն պատրաստ է դա անել հանուն սահմանապահների, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ոստիկանության ծառայողների»:

«Այդ մարդկանց առաջնորդ է հարկավոր։ Մեր զրույցի ժամանակ հազարավոր մարդիկ շարունակում են ԱՄՆ ժամանել։ Դա կոչնչացնի մեր երկիրը»,- հայտարարել էր Թրամփը։

Նշենք, որ դեռևս 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ նախկին նախագահն իր աջակիցներին խոստացել էր ավելի խիստ ներգաղթի քաղաքականություն վարել և ուժեղացնել սահմանային վերահսկողությունը: Մասնավորապես, նա նախաձեռնել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ պնդելով, որ դա կօգնի կանխել անօրինական ներգաղթն ու թմրանյութերի մաքսանենգությունը։

Նշենք նաև, որ շաբաթներ առաջ Բայդենը ներգաղթյալներին կոչ էր արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից:

Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին: Բայդենը չէր համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»:



Աղբյուր