[ad_1]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մյանմայում տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունն ու կոչ է անում անհապաղ հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է ТАСС-ը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Մյանմայի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու դեռահասների սպանությունները: Զինվորականության կողմից բռնությունները շարունակվում են, ինչը բողոքի զանգվածային ակցիաների մեկնարկից ի վեր ամենամեծ թվով կորուստներին է հանգեցրել: Ռազմական հեղաշրջումն անընդունելի է և կոշտ, միասնական ու որոշիչ միջազգային արձագանք պետք է ստանա: Ճգնաժամից դուրս գալու շտապ լուծում է անհրաժեշտ»,- հայտարարել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զինվորականությանը կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց:

Մյանմայի տարբեր քաղաքներում նախօրեին անցկացված բողոքի ցույցերը ցրելու ժամանակ առնվազն 102 մարդ է մահացել: Բողոքի ցույցերի հետևանքով, ընդհանուր առմամբ, 429 մարդ է մահացել:

Մյանմայում զինվորականները փետրվարի 1-ից մեկ տարով ռազմական դրություն են հայտարարել երկրում ու հեռացրել իշխանությունից երկրի ղեկավարությանը: Բանակի ղեկավարությունը ռազմական հեղաշրջումը բացատրել են նախորդ տարվա նոյեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ կատարված մեծածավալ ընտրակեղծիքներով: 

Զինվորականները նոր կառավարություն են ձևավորել, իսկ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում:



Աղբյուր