[ad_1]

Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Այրվել են աստիճանավանդակի փայտե կառուցատարրեր (60 քմ), նկուղային հատվածում գտնվող պահեստի տարածքում (500 քմ)՝ պլաստմասե ծաղկամաններ, փայտե կառուցատարրեր և մասամբ՝ մոտ 30 տուփ փաթեթավորած տորֆի խտացված հումք։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` մարտի 27-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 2/8 հասցեում գտնվող «Պրոֆալ» ՍՊԸ-ին պատկանող 3 հարկանի շինության տարածքում։



Աղբյուր