[ad_1]

«Լույս է տեսել «Անկախությունը և ազատական բարեփոխումները» ժողովածուի երկրորդ հատորը: Ժողովածուն նվիրված է այն քայլերին, որոնք 90-ականներին ձեռնարկել է անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը՝ պետական և հասարակական նոր ինստիտուտներ ստեղծելու ուղղությամբ: Նախաբանը գրել է Բաբկեն Արարքցյանը, իսկ հեղինակներից են Վահե Ստեփանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Աշոտ Ոսկանյանը և այլ մասնագետներ: Մի համեստ հոդված գրել եմ նաև ես: Վերը թվարկած անունները կարող են տարբեր էմոցիաներ առաջացնել, բայց զուտ մասնագիտական առումով, կարծում եմ, ես «լավ շրջապատ եմ ընկել»: Հայեցակարգային առումով ուշագրավ հոդվածներից մեկը գրել է Ժիրայր Լիպարիտյանը, որը փորձում է պատասխանել հետևյալ հարցին՝ մենք կարո՞ղ ենք ունենալ անկախ պետություն: Մեկ նախադասությամբ ձևակերպելով հեղինակի միտքը, կարող եմ ասել, որ նրա պատասխանն է՝ այո, բայց միայն այն դեպքում, եթե հիմքում դրվեն այն գաղափարները, որոնցով 1990-ականների սկզբին առաջնորդվում էին Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն: Նշեմ, որ ես այդ մտքի հետ 100 տոկոսով համաձայն եմ:

Կանխատեսում եմ ֆեյսբուքյան մակարդակի հակադարձումները, որոնք հիշեցնելու են, թե ինչ վատ բաներ էին տեղի ունեցել «Լևոնի վախտ»: Բայց խոսքն այստեղ ոչ թե այն հանցագործությունների մասին է, որոնք եղել են այս կամ այն ղեկավարի «վախտ», այլ այն գաղափարների, որոնք ձևակերպել էր, մասնավորապես, Ռաֆայել Իշխանյանը, և որոնց հետ այն ժամանակ համաձայն էին Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, նույն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը և մեր պետության մյուս հիմնադիրները:

Բայց եկեք պատասխանենք մեկ այլ հարցի. ինչո՞ւ ՀՀՇ-ն փաստացի չկա այսօրվա քաղաքական ասպարեզում, իսկ Դաշնակցությունը կա: Կարո՞ղ եմ ենթադրել, որ այդ փաստն արտացոլում է հայկական քաղաքական մտքի առանձնահատկությունները: Ավելին ասեմ՝ չկան կամ չեն լինելու մի քանի տասնյակ այլ կուսակցություններ: Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն նույնիսկ հիմա չկա: Ինչպե՞ս կարող է լինել մի կուսակցութուն, որը մերժում է «իզմ»-երը:

Դատելով «ՔՊ»-ական («իմքայլական») գործիչների ելույթներից, նրանց գաղափարախոսությունը «Սերժին մերժելն» է՝ գործնականում ոչ մի ելույթ այդ թեման չի շրջանցում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 10-20 տարի հետո, պատմելով այսօրվա քաղաքական անցուդարձի մասին, ուսուցիչներն ու դասախոսները ստիպված կլինեն բացատրել իրենց սաներին, թե ով էր Սերժը և ինչու էին նրան մերժում, իսկ «ՔՊ»-ի անունը նրանք ընդհանրապես չեն տա:

Ի տարբերություն դրա՝ Դաշնակցությունը, որպես ազգային կառույց, կգործի նաև 20 տարի հետո: Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, 20 տարի հետո կարող է և չլինել, իսկ ՀՅԴ-ն կմնա: Եվ դարձյալ կրկնեմ Լիպարիտյանի հնչեցրած հարցը՝ Հայաստանը կարո՞ղ է անկախ պետություն լինել: Կամ վերաձևակերպենք հարցը՝ «հայ ժողովուրդն ուզո՞ւմ է անկախ պետություն ունենալ»: Դուք, իհարկե, կասեք՝ «իհարկե, բա ո՞նց, բա 1991 թվականի հանրաքվեի ժամանակ 95,5 տոկոսն ասել է «այո» անկախությանը»: Բայց նախ՝ հիմա բացառված է, որ տոկոսն այդքան բարձր լինի: Իսկ ամենակարևորը հետևյալն է. փորձը ցույց է տալիս, որ «կողմ» քվեարկելով, մարդիկ չգիտեն, թե ինչին են «այո» ասում, ինչ ջանքեր է դա նրանցից պահանջում, և ինչ պատասխանատվություն է նրանց վրա դրվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



Աղբյուր