[ad_1]

Tert.am-ը ԱՄՆ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ զրուցել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ըստ նրա՝ Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանը, որպես պետություն, կորցրեց այն փոքր աշխարհաքաղաքական նշանակությունը, որ ուներ։

 «Հիմա Հայաստանն ունի գրեթե զրոյական աշխարհաքաղաքական նշանակություն տարածաշրջանում ներգրավված տարբեր խաղացողների համար։ Իսկ դա նշանակում է, որ մեզնով առանձնապես հետաքրքրված չեն, և առաջիկայում չեն էլ հետաքրքրվի, և մենք ընկալվում ենք որպես թերի ենթակառուցվածներով և շատ փոքր բնակչությամբ տարածք»,- ասում է նա։ 

-Պարո՛ն Պողոսյան, Արցախյան պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ համաձայնագրի կետերից ամենաքննարկվողը ճանապարհների ապաշրջափակման հարցն է։ Հայաստանյան իշխանությունները դա ներկայացնում են որպես մեր ձեռքբերում։ Իրականում ի՞նչ կտա մեզ այս կետի իրականացումը։

-Ասել, որ դա պատերազմից հետո մեր ձեռքբերումն է, առնվազն  անտրամաբանական է, որովհետև եթե կոմունիկացիաների ապաշրջափակումը այն պայմաններով, որ քննարկվում է, ձեռնտու է մեզ, ապա ինչու՞ դրա մասին քննարկումներ տեղի չէին ունենում 2020 թ. սեպտեմբերի 27-ից առաջ։ Եվ եթե այդ կետի իրականացումը առանց արցախյան հակամարտությունում 1994 թ. ձևավորված ստատուս քվոյի փոփոխության ձեռնտու էր նաև Ադրբեջանին, ապա այդ հարցը կարելի էր շատ հանգիստ Ադրբեջանի հետ քննարկել նախքան սեպտեմբերի 27-ը։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը միշտ էլ դեմ է եղել ցանկացած շփումների։ Ես հիշում եմ, որ նույնիսկ 10-15 տարի առաջ քննարկվում էր Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցը, իսկ Ադրբեջանը միշտ ասում էր, որ բոլոր նման հարցերը կարելի է քննարկել միայն Արցախի՝ Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուց հետո։

-Լավ հասկանալով իրականությունը՝ ինչու՞ ենք մենք այդ հարցը որպես ձեռքբերում ներկայացնում։ Իշխանությունները այդպես փորձու՞մ են իրենց դեմքը փրկել, «ֆեյս-սեյվինգ» են անում։

-Մենք պետք է մի բան ընդունենք. հասարակության մի որոշ մասի համար (իհարկե, ոչ ոք չի կարող ասել նրանց կոնկրետ քանակը-Բ. Պ.) առաջնային նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական հարցերը, այլ ոչ թե Արցախի պատկանելությունը, թե այնտեղ ովքեր կապրեն, Արցախում եկեղեցիներ են քանդվում, թե՝ կառուցվում։ Շատերիս համար նման երևույթը տարօրինակ է, բայց պետք է ընդունենք, որ մեր հասարակությունում կան մարդիկ, որոնց համար իրենց սոցիալական բարօրությունը շատ ավելի կարևոր է, քան Արցախի, վախենամ նաև՝ Հայաստանի որոշ տարածքների պատկանելության հարցը։

Հետևաբար հասարակության այս հատվածի համար իշխանությունները որոշակի ազդակներ են ուղարկում, թե «տեսեք, դուք ունեք ձեր սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն, և ավելին, կառավարության ձեռնարկած քայլերը կբերեն նրան, որ եթե ոչ անմիջապես, ապա մի քանի տարի հետո ձեր կյանքը կբարելավվի»։ Սա արվում է հատկապես նոյեմբերի 10-ից հետո, երբ արդեն փաստ էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են։ Հստակ ուղերձ կա, որ եթե հասարակությունը ցանկանում է, որ իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը դառնա իրականություն, կյանքի որակը բարձրանա և այլն, պետք է ամեն ինչ անի, որ ներկա կառավարությունը շարունակի մնալ, վերընտրվի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններում։ Ներկա կառավարությունը հասկացնում է, որ եթե իրենք են ստորագրել հայտարարությունը, ապա իրենք էլ պետք է իրականացնեն այն։ Եթե մնա ներկա կառավարությունը, ապա բոլոր գրավոր, և ենթադրյալ բանավոր պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու։

-Հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի զարգացման հարցում. նրանք տարիներ ի վեր չեն ցանկացել, որ մենք տնտեսապես հզորանանք։ Ինչու՞ պետք է հիմա թողնեն։

-Մենք պետք է երկու բան տարբերակենք. Հայաստանում բնակվող միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակի բարձացումն ու Հայաստանի տնտեսական հզորացումը բացարձակ նույն բանը չեն, և մեկը մյուսից ուղղակիորեն չեն էլ բխում։ Այսինքն՝ եթե լինի կոմունիկացիաների ապաշրջափակում, և այստեղ Թուրքիայից և Ադրբեջանից հոսեն ներդրումներ, ապա դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի տնտեսական անվտանգությանը, որովհետև մենք տնտեսական կախվածության մեջ կհայտնվենք մեր թշնամիներից։ Ինչ-որ տեղ այդ իրավիճակը կարող եք համեմատության մեջ դնել մեր հարևան Վրաստանում կատարվողի հետ, բայց այստեղ տարբերությունն այն է, որ Վրաստանը իր բոլոր ռազմավարական փաստաթղթերում Թուրքիային և Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեր պարագայում կստացվի՝ մեր թշնամիներից տնտեսական կախվածության առաջացում, որը հետագայում անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ազդեցության։ Հետևաբար՝ դա Հայաստանի տնտեսության հզորացում չի նշանակում։

-Գուցե այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հենց դա է՝ Հայաստանին տնտեսական կախվածության մեջ դնելը իրենցից։

-Միանշանակ նրանք շահագրգռված են, որ Հայաստանում ունենան տնտեսական ազդեցություն, որովհետև բոլորն են հասկանում՝ դա կբերի նաև քաղաքական ազդեցության։ Այսինքն՝ եթե այստեղ x թվով թուրքական ընկերություններ գործեն, որտեղ աշխատեն հազարավոր մարդիկ, պարզ է, որ եթե հայ-թուրքական հարաբերություններում լարվածություն առաջանա, և այդ մարդիկ «մեսիջներ» ստանան, որ պետք է դուրս գալ փողոց, բողոքել կառավարութան այս կամ այն որոշման դեմ, ապա որոշները գուցե և դուրս գան։ Իսկ Հայաստանի նկատմամբ նախ տնտեսական, հետո քաղաքական ազդեցություն ձեռք բերելը Ադրբեջանին և Թուրքիային շատ ձեռնտու է։

-Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում բացեց որոշակի փակագծեր՝ ներկայացնելով, որ ապաշրջափակման գործընթացի շուրջ հիմա եռակողմ բանակցություններ ընթանում են։ Քննարկվում է ավտոճանապարհ, երկաթգիծ կառուցելու հարցը, ընդ որում, ըստ նրա, վերականգնվելու են սովետական ժամանակների կոմունիկացիաները։ Գուցե հասարակության որոշ շերտերի մոտ, որոնք դեռ ապրում են սովետական շրջանի նոստալգիաներով, երբ ճանապարհները բաց էին, անվտանգ, փորձում են լավ տպավարություն ստեղծե՞լ։

-Ինձ թվում է, որ 40-ից ցածրերն ընդհանրապես Խորհրդային Միությունից ոչ մի հիշողություն չունեն։ Պետք է մի բան հասկանանք՝ Խորհրդային Միությունը չի վերականգնվելու, այսինքն այն, որ մարդիկ Երևանում նստում էին գնացք, անցնում էին Նախիջևանի տարածքով, հետո մտնում էին Սյունիքի մարզ, ներկայիս Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այնտեղից էլ Կապան, այլևս չի լինելու։ Դա այն ժամանակ էր, երբ բոլորը նույն պետության տարածքում էին, ունեին նույն՝ Խորհրդային Միության անձնագիրը։ Հիմա հասկանալի է, որ դա չի լինելու, և եթե ճանապարհները բացվեն, բոլորովին չի նշանակելու, որ մարդիկ անվտանգ կերպով նույն ճանապարհներով գնալու են։

Ավտոճանապարհների հարցը լուծելը հեշտ է, բայց Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծը լավագույն դեպքում կգործարկվի 2024 թվականին, իսկ Իջևան-Ղազախ- Գանձակ-Բաքու երկաթգիծն ավելի ուշ։ Հիմա խոսելը նրա մասին, որ դա լուրջ տնտեսական օգուտներ է բերելու, անիմաստ է։ Եթե հաշվի առնենք, որ այն կգործարկվի 2024թ-ին, պետք է հասկանանք, որ այդ ժամանակ կարող են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ տեղի ունենալ։ Մենք չգիտենք, թե 2023-ին ինչպիսին կլինեն Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքները, Էրդողանը կմնա, թե՝ ոչ։ Հիմա ռուս-թուրքական հարաբերություններում բալանսավորումը պայմանավորված է Էրդողանի անձով և իշխող կուսակցության քաղաքականությամբ։ Եթե 2023թ-ին այդ կուսակցությունը գնա, դժվար կանխատեսելի կլինի, թե ինչպիսին կլինի ռուս-թուրքական հարաբերությունների ապագան։ Հնարավոր է՝ ընտրությունների արդյունքում Թուրքիայում այլ իշխանություն գա, իսկ դա կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման, վերջինս էլ տրամադրված չլինի այստեղ նախագծեր իրականացնելու և դրանք սառեցնի։ Իսկ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման կոնցեպտը տեղավորվում է ռուս-թուրքական բալանսավորված հարաբերությունների մեջ։

Մենք նաև չգիտենք, թե 2024թ-ին ինչ է լինելու Ռուսաստանում, գործող նախագահն առաջադրվելու՞, վերընտրվելու՞ է, թե՞ոչ, եթե չի առաջադրվելու, ապա ու՞մ է նա պաշտպանելու, և այդ մարդը ի՞նչ քաղաքականություն է վարելու, այսինքն՝ հարցեր։ Դա նշանակում է, որ պետք է ֆիքսենք, որ երկաթգծերը կարող են գործարկվել երեք տարի հետո միայն, իսկ այդ ընթացքում աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են լինել, և կարող է այլևս այս գործընթացների իրականացման հարցում ռուս-թուրքական շահագրգռվածություն չլինի, և դա կլինի անկախ մեր կամ Ադրբեջանի ցանկությունից։

-Ի վերջո, ի՞նչ շահեցին Ռուսաստանն ու Թուրքիան Արցախյան պատերազմի նման ելքից,  երբ իրավիճակը հանգուցալուծվեց նրանց միջնորդությամբ։

-Եթե ընդհանուր խոսենք, ապա պետք է նկատենք, որ այդ հարաբերությունները համագործակցային-մրցակցային են, ընդ որում, դրանք ըստ տարածաշրջանների են: Օրինակ՝ Սիրիայում կարող է մի պահ դրանք ավելի մրցակցային լինեն, իսկ Հարավային Կովկասում՝ համագործակցային, Ուկրաինայում կարող է ընդհանրապես համագործակցության եզրեր չլինեն։

-Այսինքն՝ Ռուսաստանը ստացավ Հայաստան, իսկ Թուրքիան՝ Ադրբեջա՞ն։

-Ո՛չ։ Հայաստանն արդեն Ռուսաստանինն էր։ Ինձ թվում է, որ ավելի շատ այսպես եղավ. Ռուսաստանը ստացավ ռազմակայան «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում», Թուրքիան Ադրբեջանում ստացավ աջակցության բավականին մեծ աճ, ընդ որում, հասարակության շրջանում։ Հիմա Ադրբեջանում բոլորը համարյա վստահ են, որ եթե Թուրքիան չլիներ, Ադրբեջանը պատերազմում հաջողությունների չէր հասնի։ Բացի այդ՝ Թուրքիան ստացավ Ադրբեջանում լեգալ, թեկուզ փոքր թվով զինվորական խմբավորումներ տեղակայելու հնարավորություն։ Նաև՝ Թուրքիան հիմա ավելի շատ է ներգրավված ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահներից ոմանք։

-Ժամանակին, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց կար, քննարկվում էր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը,  Թուրքիան Ղարաբաղին, Հայոց ցեղասպանությանը վերաբերող նախապայմաններ առաջ քաշեց։ Ի վերջո Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ։ Ձեր տպավորությամբ՝ հիմա նախապայմաններ կլինե՞ն։

-Ղարաբաղի հարցով ներկայիս իշխանությունների առաջ որևէ նախապայման, չեմ կարծում, որ քաշվի։ Մեր կառավարության դիրքորոշումն այն է, որ առավելագույնը, ինչ պատերազմից հետո կարող են անել, դա Արցախում մնացած 90 000-100 000 բնակիչներին սոցիալական նվազագույն ապահովություն տալն է՝ աշխատավարձ վճարել, թոշակ և այլն։ Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը բավարարվում է դրանով, ինչը Ադրբեջանին և Թուրքիային ձեռք է տալիս. թող Հայաստանը այդ մարդկանց սննդի հարցը լուծի, մինչև հասկանան, թե նրանց հետ ինչպես են վարվելու։ Հետևաբար՝ Հայաստանից Ղարաբաղի մասով ոչինչ չեն պահանջի, եթե պահանջեն, ապա դա կանեն Ռուսաստանից։ Հայաստանը հստակ ասում է, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշում է Ռուսաստանը, ինքը դրա հետ կապ չունի։

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանը վերջին 2.5-3 տարում առանձնապես ակտիվ էլ չէր։ Եթե խոսք լինի սահմանների բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, գուցե նախկինի պես պատմաբանների հանձնաժողովի նման մի բան ձևավորվի։ Բայց Թուրքիայի համար հիմա առավել կարևոր է Հայաստանում տնտեսական, քաղաքական ազդեցություն ձեռք բերելը։ Ցեղասպանության 100-ամյակն անցել է, և  բոլորն էլ հասկանում են, որ այդ հարցն արդեն աստիճանաբար մարող կրակ է։ Հսկայական ռեսուրսներ են ծախսվել, որ ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Դրանք Ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունեցին 2019 թ., հայությունը երջանկացավ, բայց դա ոչինչ չտվեց, որովհետև երբ վերջին հարյուրամյակում մեզ ամենածանր պարտությանն էին մատնում 2020 թ. աշնանը, մեր տարածքներն էին զավթում, ԱՄՆ-ը գրեթե ոչինչ չձեռնարկեց։ Հիմա շատ է քննարկվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց եթե դա էլ տեղի ունենա, ոչինչ չի փոխվի. մեր գերիները չեն վերադարձվի, մեր տարածքները չենք վերադարձնի։ Թուրքիան այս նախապայմանը, չեմ կարծում առաջ քաշի, որովհետև հասկանում է, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ազդեցությունը կորցնող գործոն է, բացի այդ հայաստանյան իշխանություններն այս հարցում ակտիվ չեն էլ եղել։

-Եթե ընդհանուր առմամբ ամփոփելու լինենք մեր հարցազրույցը, կարող ենք ասել, որ Արցախյան վերջին պատերազմից հետո կորցրել ենք այն, ինչ հնարավոր էր։

— Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանը, որպես պետություն, կորցրեց այն փոքր աշխարհաքաղաքական նշանակությունը, որ ուներ։ Հիմա Հայաստանն ունի գրեթե զրոյական աշխարհաքաղաքական նշանակություն տարածաշրջանում ներգրավված տարբեր խաղացողների համար։ Իսկ դա նշանակում է, որ մեզնով առանձնապես հետաքրքրված չեն, և առաջիկայում չեն էլ հետաքրքրվի։ Հայաստանն ընկալվում է որպես թերի ենթակառուցվածներով և շատ փոքր բնակչությամբ տարածք։ 



Աղբյուր