[ad_1]

Ամերիկացի կոնգրեսականները քննադատել են երկրի երեք ամենախոշոր սոցցանցերին՝ գլխավոր տնօրեններին սպառնալով ամեն տեսակի վերահսկողությամբ: Facebook-ի, Twitter-ի եւ Google-ի գլխավոր տնօրեններ Մարկ Ցուկերբերգը, Ջեք Դորսին եւ Սունդար Փիչաին օրենսդիրների հարցերին պատասխանել են Կոնգրեսի մասնագիտական կոմիտեում լսումների ժամանակ:

Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի եւ ֆինանսների հարցերով կոմիտեից կոնգրեսական Պիտեր Վելչը հայտարարել է պետական գործակալության ստեղծման հնարավորության մասին՝ համացանցում կանոնների մշակման եւ դրանց պահպանման ապահովման լիազորություններով:

Սենատոր Էմի Քլոբուչարի կողմից մեծ տեխնոլոգիաներին ուղղված հակամենաշնորհային օրենքը ներկայացնելուց հետո մեկ ամիս անց Ներկայացուցիչների պակատում Facebook-ը, Twitter-ը եւ Google-ը համեմատել էին հնաոճ մենաշնորհատերերի հետ, ինչպիսին են Standard Oil-ը եւ Ma Bell-ը:

Կոնգրեսականները խիստ քննադատության են ենթարկել 13 տարեկանից փոքր երեխաների համար Instagram ստեղծելու Facebook-ի ծրագրերը:

Ներկայումս Instagram-ը պահանջում է, որ ծառայության օգտատերերը 13 տարեկանից մեծ լինեն, բայց Ցուկերբերգը խոստովանել է, որ վերահսկման միակ մեթոդը նոր բաժանորդներին խնդրելն էր նշել իրենց տարիքը: Facebook-ը խոստացել է նոր Instagram-ում ծնողների վերահսկողություն ապահովել, բայց կոմիտեի անդամների վրա դա տպավորություն չի գործել:

Լսումների ժամանակ, որը տեւել է ավելի քան 5 ժամ, նրանք նշել են, որ ապատեղեկատվությունը վնաս է պատճառում երեխաներին, վետերաններին, փոքրամասնություններին, քաղաքացիական իրավունքներին, ժողովրդավարությանը եւ հանրային առողջապահությանը:

«Վերջին մի քանի տարիներին աճել է վստահության դեֆիցիտը, եւ մենք պետք է հիմա ինչ-որ բան անենք»,- ասել է հանրապետական կոնգրեսական Գրեգ Փենսը: Նա նշել է, որ Twitter-ի քաղաքականությունը ընտրովի է կիրառվում:

Հանրապետական Դեն Քրենշոուն ավելի անկեղծ է եղել՝ Դեմոկրատական կուսակցության անդամներին մեղադրելով, որ ապատեղեկատվության վերաբերյալ իրենց գանգատները իրականում «քաղաքական արտահայտություններ են, որոնց իրենք համաձայն չեն»: Նրա խոսքով՝ հանրապետականներին մտահոգում է ապօրինի կոնտենտը, մինչդեռ «դեմոկրատները ցանկանում են խլացնել խոսքի ազատությունը»:

Որոշ մասնակիցներ լուրջ մտահոգություն են հայտնել երեխաների վրա սոցցանցերի ազդեցության կապակցությամբ: «Որպես ծնող իմ ամենամեծ վախը ձեր պլատֆորմներն են»,- ասել է հանրապետական Քեթի ՄաքՄորիս Ռոջերսը, փոխանցում է Deadline-ը: 

Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն վիճաբանել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի եւ Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչաիի հետ:

Փալոնեն հանդես եկել այն փաստի դեմ, որ նրանք շահույթն ամեն ինչից վեր են դասում, հատկապես օգուտ են քաղում ալգորիթմներից, որոնք կարող են սենսացիոն կոնտենտ ստեղծել: Կոնգրեսականը մի քանի հարցեր է տվել եւ պահանջել, որ դրանց գլխավոր տնօրենները պատասխանեն կա՛մ այո, կա՛մ ոչ: Նա Փիչաիին հարցրել է՝ մշակվե՞լ է արդյոք YouTube-յան հանձնարարականների ալգորիթմ իր պլատֆորմում օգտատերերին պահելու համար:

Փիչաին սկսելով պատասխանել՝ ասել է, որ դա միակ նպատակը չէ, բայց Փալոնեն նրան ընդհատել է՝ «նշանակում է պատասխանն է այո», նշելով, որ արդյունքում ընկերությունը շարունակում է տարածել ծայրահեղական ու վտանգավոր կոնտենտ: «Այն, ինչ տեղի է ունենում համացանցում, չի մնում համացանցում. դա իրական հետեւանքներ է ունենում»,- ասել է Փալոնեն վիրտուալ լսումների ժամանակ: «Ահա թե ինչու Կոնգրեսը պետք է գործի, որովհետեւ դուք կողմնակի դիտորդներ չեք, դուք խրախուսում եք դա», փոխանցում է Insider-ը:

Միեւնույն ժամանակ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ն «իր ավանդն է բերել» անցած տարվա նախագահական ընտրությունների պաշտպանության գործում՝ Կապիտոլիումում անկարգությունների մեղքը բարդելով անմիջականորեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա, փոխանցում է Techrunch-ը:

Դեմոկրատ Մայք Դոյլի ճնշման ներքո Ցուկերբերգը հայտարարել է. «Կարծում եմ, որ պատասխանատվությունն այն մարդկանց վրա է, որոնք նախաձեռնել են գործողությունները, որ խախտեն օրենքը եւ խռովություն կազմակերպեն:

Ինչ վերաբերում է նաեւ այն մարդկանց, որոնք տարածում են այդ կոնտենտը, ներառյալ նախագահին, բայց նաեւ այլոց, որոնք կրկնում են, որ ընտրությունները կեղծված էին եւ մարդկանց միավորվելու կոչ էին անում, ապա կարծում եմ, որ այդ մարդիկ նույնպես հիմնական պատասխանատվություն են կրում»:



Աղբյուր