[ad_1]

Երբ 2016-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին անգամ ընդունեց Ջո Բայդենին, նա հենց նոր էր տանկերը Սիրիա ուղարկել: Անկարայի նախագահական պալատում Էրդողանի կողքին նստած՝ այն ժամանակվա փոխնախագահ Բայդենն ասաց. «Մենք աջակցում ենք գործողությանը», գրում է Reuters-ը:

ԱՄՆ օդային աջակցությունը նպաստեց այս ներխուժմանը, քանի որ Վաշինգտոնը 2016-ի հեղաշրջման փորձից հետո համերաշխություն ցուցաբերեց Էրդողանին: Բայդենն այցելեց խորհրդարան, որպեսզի տեսնի այն վնասը, որը հասցվել էր իշխանությունը զավթելու փորձի ժամանակ:

Գրեթե հինգ տարի անց Բայդենը դարձավ նախագահ, եւ Էրդողանի միջամտություններն արտերկրում հասան այն աստիճանի, որ Թուրքիան խճճվեց շատ մարտերում, որոնց դեմ Բայդենը ստիպված է պայքարել աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում: Երկու երկրներից մեկ տասնյակ ներքին գործիչների եւ պաշտոնատար անձանց հետ հարցազրույցները ցույց են տալիս, թե ինչպես են հեղաշրջումից եւ Բայդենի այցից մի քանի շաբաթ անց նախադրյալներ ստեղծվում թուրքական իշխանության նոր դարաշրջանի համար՝ սկսած Սիրիա ներխուժումից:

Թուրքիան փառքի իր ճանապարհն է հարթել Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Կովկասում: Հայրենիքում Էրդողանը զտումներ սկսեց, որոնք, ի վերջո, հանգեցրեցին 20 000 զինծառայողների աշխատանքից հեռացնելուն եւ ձերբակալելուն, եւ սկսեց կենտրոնացնել իշխանությունը նախագահի շուրջ:

Նշանակալի չափով հիմնվելով Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ ունեցած սերտ անձնական հարաբերությունների վրա, Էրդողանը մշակել է այն բանի տեսլականը, ինչը արեւմտյան մի դիվանագետ անվանել է «ուժեղ առաջնորդների ակումբ, որոնք հասկանում են աշխարհից»:

Դա տեսլական էր, որը Էրդողանը կիսում էր Թրամփի հետ, բայց ոչ Բայդենի, որը Էրդողանին հրապարակավ ավտոկրատ անվանեց եւ փետրվարին ամերիկացի դիվանագետներին խոստացավ, որ ԱՄՆ-ը հակադարձելու է աշխարհում ավտորիտարիզմի հարձակմանը՝ հնաոճ դիվանագիտության եւ դաշինքների կառուցման միջոցով:

Դա հեշտ չի լինի: 2016 թվականից ի վեր Թուրքիայի առաջնորդը եւս երեք ներխուժում է կատարեց Սիրիա, որոնցից մեկն ուղղված էր անմիջապես ԱՄՆ-ի հետ համագործակցող քուրդ զինյալների դեմ: Նա փոխեց Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքը, զենք գնեց Ռուսաստանից, վիճարկեց եվրոպական հարեւանների ծովային պահանջները Միջերկրական ծովի արեւելքում եւ աջակցեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Հանգստյան օրերին Էրդողանը կտրուկ դուրս բերեց Թուրքիային կանանց բռնությունից պաշտպանելու կոնվենցիայից, ինչը, ըստ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում նրա դաշնակիցների, եւս մեկ հետքայլ էր մարդու իրավունքների ոլորտում: Նա նաեւ շուկաները քաոսի մեջ գցեց՝ հեռացնելով կենտրոնական բանկի ղեկավարին, որով հիացած էին արեւմտյան ներդրողները:

Այնուամենայնիվ, Թուրքիան հույս ունի, որ այս շաբաթ Եվրամիության գագաթաժողովը կարող է քայլ անել լարված հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հայտարարել է կառավարությունը: Էրդողանը նաեւ ասել է, որ ինքը ձգտելու է լավ հարաբերությունների Բայդենի հետ, բայց պնդել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր շահերը:

Հարցը, թե արդյոք կարո՞ղ էր ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիա Թուրքիայի առաջին ներխուժմանը խթանել Անկարային իր ռազմական գործողություններում, Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել:

«ԱՄՆ-ը փորձում է շտկել հենց այն ստատուս-քվոն, որը Էրդողանը մերժում է»,- ասել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի փոխտնօրեն Մաքս Հոֆմանը: «Ակնհայտ լարվածություն կա»:

Երբ 2016-ին Բայդենը այցելեց Թուրքիա, երկիրը ցնցված էր ձախողված հեղաշրջումից հետո: Բայց Էրդողանը հնարավորություն էր տեսնում այս խառնաշփոթի մեջ: Նա հեղաշրջման փորձը անվանեց «Աստծո կողմից տրված պարգեւ» եւ բանակը մաքրելու հնարավորություն:

Նրան մոտ կանգնած երկու թուրք պաշտոնյաներ ասում են, որ չորս տարվա տարբերությամբ երկու միջադեպերը ցույց են տալիս, թե ինչպես իշխանությունն անցավ նախագահին:

Երբ 2012-ին Սիրիայում խոցեցին թուրքական հետախուզական ինքնաթիռը, Էրդողանը ցանկանում էր ի պատասխան հինգ թուրքական ինքնաթիռներ ուղարկել՝ սիրիական թիրախներին հարված հասցնելու համար, բայց զինվորականները հրաժարվեցին՝ ասելով, որ դա կարող է հանգեցնել հակամարտության սրման, ինչին բանակը պատրաստ չէ: 2016-ի հեղաշրջման փորձից մեկ ամիս անց, երբ «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչը հարսանիք էր պայթեցրել Թուրքիայի հարավում, Էրդողանը վճռական էր հարվածել իսլամիստական խմբավորմանը Սիրիայի իր թաքստոցում: Այս անգամ ԱՄՆ-ի օգնությամբ նրան դա հաջողվեց:

Ահմեդ Դավութօղլուն եւ Ալի Բաբաջանը, ովքեր Էրդողանի կառավարություններում բարձրաստիճան նախարարներ են եղել, Reuters-ին հայտնել են, որ 2016 թվականից նախագահը գործերից հեռացրել է ԱԳՆ-ին, ինչպես նաեւ բանակի գլխավոր շտաբին:

Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախկին նախարար Բաբաջանը նշել է, որ Թուրքիան նախկինում խուսափում էր ռազմական ուղղակի միջամտությունից:

Էրդողանի նախկին դաշնակիցները հայտարարել են, որ խորհրդականների նեղ շրջանակի փոփոխությունը արագացրել է Թուրքիայի ավելի ագրեսիվ դիրքորոշումը: Պաշտոնապես, անվտանգության եւ ռազմական որոշումները կայացնում են կաբինետը եւ Ազգային անվտանգության խորհուրդը, բայց անվտանգության երեք պաշտոնյաներ, ինչպես նաեւ դիվանագետներ եւ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանը մեծապես ապավինում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, որը պատանդ էր վերցվել 2016-ի հեղաշրջման ժամանակ, եւ հետախուզական պետ Հաքան Ֆիդանին, եւ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ու խորհրդական Իբրահիմ Կալինին: «Այս մարդիկ աշխատում են որպես Էրդողանի թիմ»,- ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը, որը աշխատում է նախագահի հետ:

Թուրքական աղբյուրը Էրդողանի մտածողությունը բնութագրել է որպես «Թուրքիան առաջին հերթին»: Նրա խոսքով՝ Անկարան հոգնել է այն սցենարներից, որոնցում ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը «կանոններ են սահմանում, իսկ Թուրքիան վճարում է դրանց գինը»:

Օրինակ՝ Սիրիայում 2016-ի գործողությունը սահմանափակեց քուրդ զինյալների հաջողությունը, որոնց Միացյալ Նահանգները ընտրել էր որպես «Իսլամական պետության» դեմ գործընկերներ: Էրդողանը շարունակում էր երկակի դեր խաղալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ: Թուրքիան Լիբիա ուղարկեց զինված անօդաչու թռչող սարքեր, ռազմական հրահանգիչներ եւ սիրիացի վարձկաններ՝ Տրիպոլիի վրա Ռուսաստանի աջակցությամբ գրոհը հետ մղելու համար: Նա հանդես եկավ Մոսկվայի դեմ ամիսներ անց այն բանից, երբ Թուրքիան գնեց 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգեր, գործարք, որն իր հերթին զայրացրեց Վաշինգտոնին եւ հանգեցրեց ԱՄՆ պատժամիջոցների Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ:

«Շատ պարզ էր, որ թուրքերը փորձում էին ավելի մեծ ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, ինչպես նաեւ Պարսից ծոցի որոշ երկրներում»,- ասել է գեներալ Ջոզեֆ Վոտելը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զորքերի նախկին հրամանատարը:

Էրդողանը նաեւ մարտահրավեր նետեց Եվրամիությանը՝ նավեր ուղարկելով Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում բնական գազ որոնելու համար: Երբ ԵՄ-ն սպառնաց պատժամիջոցներով, Էրդողանն անտեսեց սպառնալիքները: Բացի անմիջական հարեւանությունից, Էրդողանը ռազմական բազաներ ստեղծեց Կատարում, Սոմալիում՝ թուրքական ուժերը ուղարկելով Պարսից ծոց եւ Աֆրիկյան եղջյուր: «Երբ այդ գործողությունները ձեռնարկվեցին, Թուրքիան հասկացավ իր սեփական կարողությունները եւ գիտակցեց, որ իր մրցակիցները չեն կարող, կամ չեն ուզում, արձագանքել»,- ասել է ԱՄՆ-ում Մարշալի գերմանական ֆոնդի թուրք տնօրեն Օզգուր Ունլուհիսարջիքլին: «Թուրքիայի ձեռքերն ազատ էին… եւ նա հասկացավ, որ կարող է փոխել իրականությունը տեղերում»:

Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարը Baykar ընկերության համասեփականատեր է, որը առաջինն է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Թուրքիայում: Դրա դրոնները օգնել են բանակին հարվածներ հասցնել հեռավոր թշնամիներին՝ առանց գործողության մեջ ռիսկի ենթարկելու զինծառայողներին, եւ մաս են կազմում Անկարայի ինքնահռչակ հավակնություններին՝ զարգացնելու զենքի անկախ արդյունաբերությունը:

Թուրքիան հայտարարում է, որ քուրդ զինյալների դեմ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Իրաքի հյուսիսում, որտեղ ցամաքային զորքերի տեղակայումը վտանգավոր է: Լիբիայում դրա անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը: Գործողությունների մասշտաբն ու ազդեցությունը ուշադրություն են գրավել:

«Անգամ եթե այս հայտարարությունների միայն կեսն են ճիշտ, հետեւանքները փոխում են խաղի կանոնները»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ խոսելով հակամարտության ժամանակ ավիացիայի ապագայի մասին: Թուրքիան գործարկել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, թեթեւ անօդաչու թռչող սարքեր եւ խելացի զինամթերք, որպեսզի «իր ճանապարհին կանգնեցնի տանկերը, զրահամեքենաները եւ ՀՕՊ համակարգերը»:

Ռազմադաշտից դուրս Էրդողանի խիստ անձնավորված դիվանագիտությունը փոխել է իրադարձությունների ընթացքը: Նա պարբերաբար խոսում էր Թրամփի հետ, եւ այդ զանգերը, ըստ ԱՄՆ խորհրդատուների, հաճախ շեղվում էին վարչակազմի պաշտոնյաների կողմից պատրաստված սցենարներից:

Էրդողանն ամրապնդեց այդ կապը 2018-ի մարտին այն բանից հետո, երբ Թրամփը հեռացրեց իր պետքարտուղարին եւ ազգային անվտանգության խորհրդականին, ովքեր աշխատում էին Սիրիայի հարցով Թուրքիայի հետ վեճը լուծելու ուղղությամբ: Պաշտոնանկությունը ստիպեց Էրդողանին այնպես վարվել, կարծես նախագահից բացի այլ անձի հետ կապվելը ժամանակի կորուստ էր, ասել է Թրամփի ազգային անվտանգության խորհրդում եվրոպական եւ ռուսական գործերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլը:

2018-ի դեկտեմբերին հեռախոսազրույցի ընթացքում Թրամփին պատրաստել էին, որպեսզի հետ պահի Էրդողանին Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողությունից, որտեղ Թուրքիայի ղեկավարը պատրաստվում էր հարվածներ հասցնել քրդերին՝ ԱՄՆ դաշնակիցներին: Փոխարենը, Էրդողանի խրախուսմամբ, Թրամփը խոստացավ դուրս բերել ԱՄՆ զորքերը Սիրիայից եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի պատասխանատվությունը փոխանցել Թուրքիային:

Որոշումը, որը հետագայում մասամբ բեկանվեց, զարմացրեց նույնիսկ Էրդողանի պաշտոնյաներին, Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Էրդողանը վերսկսել է Հունաստանի հետ բանակցությունները իրենց ծովային վեճի շուրջ, մեղմացրել է խոսքային պատերազմը Ֆրանսիայի նախագահի հետ եւ մեծացրել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները:

Բայց նրա ներխուժումները նրան թշնամիներ են բերել, եւ քանի որ նրա ներքին շրջանակը նեղացել է, հարցումները ցույց են տվել, որ նվազում է աջակցությունը նրա կուսակցությանը, որը ապավինում էր ազգայնական կուսակցության հետ դաշինքին՝ 2018թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալու համար:

 Վերջին տասնհինգ հարցումները ցույց են տվել, որ Էրդողանին աջակցությունը 46%-ի մակարդակում է, ինչը ենթադրում է, որ նրան 2023-ի ընտրություններում իր իշխանությունը երրորդ տասնամյակի համար երկարաձգելու ճակատամարտ է սպասվում:

Ավելին, նա բախվում է Սպիտակ տան նոր վարչակազմին: Անցյալ շաբաթ Էրդողանը նախատել էր Բայդենին՝ Պուտինին մարդասպան անվանելու համար՝ այս մեկնաբանություններն անընդունելի ու ԱՄՆ նախագահին ոչ սազական անվանելով:

Պաշտոնը ստանձնելուց երկու ամիս անց Բայդենը այդպես էլ չի զանգահարել Թուրքիայի նախագահին:



Աղբյուր