[ad_1]

Աֆղանստանի հարցով Դոհայում կայացած հանդիպումները փակուղի են մտել և օրերս Մոսկվայում կայացած հանդիպումը նպատակ է ունեցել խթանել դրանք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ճեպազրույցի ընթացքում Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի հարցերով երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի հնչած խոսքերին։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվայում կայացած հանդիպումը նպատակ է ունեցել խթանել Դոհայում ընթացող աֆղանական խաղաղ բանակցային գործընթացը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Մոսկվայում հանդիպում էր տեղի ունեցել աֆղանական կողմերի միջև, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել էր նաև Կատարի ներկայացուցիչը՝ հաշվի առնելով Դոհայում ընթացող Աֆղանական խաղաղ բանակցային գործընթացում Կատարի գործադրած ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել բռնության մակարդակը նվազեցնելու շուրջ։ Բացի այդ մասնակից երկրները հորդորել են աֆղանական կողմերին՝ բանակցությունների շրջանակներում հնարավորինս արագ անցնել հիմնական հարցերի քննարկմանն ու հարցի կարգավորման «ճանապարհային քարտեզ»-ի բովանդակությանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում,  Աֆղանական խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում, համաձայնագիր է ստորագրվել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև։



Աղբյուր