[ad_1]

Ատոմակայանի շահագործման հետ կապված կան մտավախություններ և դրանք նոր չեն: Դրանք նոր լիցք ստացան նախորդ տարի, երբ իշխանությունը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից:  Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Դեռ այն ժամանակ բարձրաձայնել ենք մի շարք մտավախություններ, հարցադրումներ՝ կապված գործընթացի տրամաբանության խեղման հետ: Այն ժամանակ կառավարությունը ռուսական վարկից հրաժարումը հիմնավորում էր տնտեսական արդյունքի տեսանկյունից, մասնավորապես, որ այդպիսով հնարավորություն էին ունենում այլ շուկաներից շատ ավելի էժան ապրանքներ ներմուծել: Այնինչ խոսքը վերաբերում էր այն վարկին, որը բավական էժան էր: Եթե հիշենք նաև, որ զուգահեռ գործընթացներով Հայաստանի կառավարությունն այլ աղբյուրներից ներգրավում էր արտաքին պարտքի շատ ավելի թանկ միջոցներ, ապա հստակ էր, որ խնդիրը տնտեսական էֆեկտի տրամաբանության մեջ չէ: Այսինքն՝ դեռ այն ժամանակ հարց էր առաջանում՝ ինչ պրոցես է սա և օբյեկտիվորեն ինչի կարող է հանգեցնել»,- նշել է Լիլիա Ամիրխանյանը:

Փորձագետը նշել է, որ այսօր արդեն ՀԱԷԿ-ի տնօրենը բարձրաձայնում է շահագործման հետ կապված ռիսկի առկա գործոնի մասին: «Հասկանալի է, որ այդ ռիսկերն առկա էին նաև այն ժամանակ, երբ հրաժարվում էին ռուսական վարկից և այս պարագայում առաջանում է հարց. արդյո՞ք այդ ռիսկի գործոնն է՛լ ավելի չի մեծացել ռուսական վարկից հրաժարման հետևանքով կամ գուցե հենց այդ ռիսկերի անկառավարելիությո՞ւնն էր ժամանակին հանգեցրել ռուսական վարկից հրաժարման որոշմանը: Եվ ի վերջո, ներկայումս այս իշխանությունն ունա՞կ է կառավարել առկա ռիսկերը, կարո՞ղ է դրանք պահել կառավարելիության շրջանակներում»,- ասել է Ամիրրխանյանը:

Ըստ նրա՝ նշված բոլոր հարցադրումների պատասխանները պետք է ունենանք գործընթացն ամբողջությամբ պատկերացնելու համար:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև թուրքական ապրանքների արգելքի թեմային: Ըստ Լիլիա Ամիրխանյանի՝ այստեղ գործ ունենք չկողմնորոշված քաղաքականության հետ. «Իշխանությունը չունի հստակություն՝ կերկարաձգի՞ ներկրման արգելքը և այդպիսով մեծացնում է տնտեսվարողների համար առանց այդ էլ առկա բավական բարձր անորոշությունը»:

Ըստ նրա, երբ էկոնոմիկայի փոխնախարարն ասում է, որ չկան թուրքական ապրանքների ներկրման արգելքի գնահատականներ, վկայում է այն մասին, որ հաշվարկված չեն ո՛չ ռիսկերը, ո՛չ հնարավորությունները: «Այս պարագայում, իհարկե, անորոշ կլինի երկարաձգման հարցը, և իրավունք է ստեղծվում կարծելու, որ այդ որոշումը կլինի քաղաքական»,- ասել է փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր