N+1-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են ավտովթարների հիմնական պատճառները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հետազոտության հիմքում ընկած տվյալները հավաքվել են ավելի քան 3500 կամավորների օգնությամբ, որոնք թույլ են տվել իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել տեսախցիկներ, ռադարներ ու հաղորդիչ սարքեր։

Հետազոտության երեք տարիների ընթացքում գրանցվել է ավելի քան 1500 վթար, որոնցից 905-ի դեպքում մարդիկ տարբեր տիպի վնասվածքներ են ստացել, իսկ տրանսպորտային միջոցը լրջորեն վնասվել է։ Գիտնականները վերլուծել են հենց լուրջ դեպքերը։

Արդյունքում պարզվել է, որ վթարների մոտ 90 տոկոսը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Մնացյալը կապված են ավտոմեքենայի անսարքությունների, ճանապարհների առանձնահատկությունների, եղանակի ու շրջակա միջավայրի հետ։

Դեպքերից մոտ 74 տոկոսի ժամանակ վթարի գլխավոր պատճառը եղել է վարորդի սխալը, 68 տոկոսի դեպքում վթարի է հանգեցրել շեղող գործոնը, իսկ 55 տոկոս դեպքերում՝ երկուսն էլ։