[ad_1]

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով գազի տարանցման անհրաժեշտություն չկա։ Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի, ռուսական գազը կարճ ժամանակամիջոցով Հայաստան է հասնելու Ադրբեջանի տարածքով։

«Եթե գազի մատակարարումը կանգնեցվում է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով, ապա Հայաստանն այդ ընթացքում կարող է օգտվել Աբովյանի գազապաստարանից, որտեղ կարելի է մինչև 2 ամսվա գազ կուտակել և նման ֆորսմաժորային պայմաններում դա օգտագործել։ Այս խնդրի երկրորդ լուծումն այն է, որ Հայաստանը կարող է «Հայաստան-Իրան» գազամուղից վերցնել այնքան գազ, ինչքան որ իրեն պետք է, հետագայում փոխհատուցի, երբ ռուսական գազամուղն սկսի աշխատել։ Ադրբեջանի տարածքով Հայաստան գազ մատակարարելը կլոունադայի նման մի բան է դառնում, քաղաքական խաղ է, այլապես դրանով տնտեսական, առավել ևս էներգետիկ խնդիր է լուծվում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ռուսական գազը Ադրբեջանի տարածքով կարճ ժամանակով Հայաստան մատակարարվելու մասին հայտարարությունը տարածել էր ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, որը «Գազպրոմ»–ի դուստր ընկերություններից մեկն և զբաղվում է գազի արտահանմամբ։ Տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով:

Արմեն Մանվելյանի խոսքով՝ եթե Հայաստանում կառավարություն լիներ, կհրաժարվեր նման գործընթացից, բայց ինքը կարդացել է այն մասին, որ դա հենց մեր կառավարությունն է առաջարկել։

«Աբովյանի գազապաստարանում, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկատվության, գազ չկա, ինչն առանձին հետաքննության առարկա է։ Այստեղ պահվող պաշարները ստրատեգիկ նշանակություն ունեն, դրանց ձեռք տալ չի կարելի, եթե չկա կառավարության հատուկ թույլտվությունն ու որոշումը։ Այսպիսի ֆորսմաժորի պայմաններում այն պետք է աշխատի։ Հարց է՝ կա՞ այնտեղ գազ, եթե կա, ապա ինչո՞ւ մենք այն չենք օգտագործում, եթե չկա, ապա  ինչո՞ւ։ Հարց է նաև, թե ինչու այս իրավիճակից մենք գազը չենք վերցնում իրանական գազամուղից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է իմանանք»,- ասաց նա։

Ադրբեջանի տարածքով ՀՀ գազ հասցնելը, ըստ փորձագետի, կարծես մի քայլ լինի ցույց տալու համար, որ իբրև թե Ադրբեջանի հետ հարցերը լուծված են, ամեն ինչ լավ է։ «Ես համոզված եմ, որ դա Հայաստանի այսօրվա իշխանությունների և Ադրբեջանի համատեղ «փիար» արշավն է։ Ադրբեջանցիներն այստեղ խնդիր չեն ստեղծի։ Ինչո՞ւ է դա նրանց անհրաժեշտ։ Հակառակը՝ նրանք այդպես ցույց են տալու, թե ինչքան բարի ու լավն են, թքած նրա վրա, մեր գերիները մինչև հիմա Բաքվում պահվում են, իսկ հարյուրավոր տղաների մարմիններ դեռ չեն գտնվել»,- ասաց նա։

Խոսելով այստեղ Ռուսաստանի դերի մասին՝ Արմեն Մանվելյանը նշեց, որ այստեղ այն, երևի թե, միայն ծրագիրն իրականացնողի դերում է, իսկ ծրագիրն առաջարկել են հայ և ադրբեջանական կողմերը։

Անդրադառնալով նրան, որ հայկական կողմից Մհեր Գրիգորյանի գրասենյակն էր արձագանքել՝ նշելով, որ նման հարցի շուրջ քննարկումներ չկան, փորձագետը նշեց, թե չի բացառվում, որ մեզնից իրականությունը թաքցնելու փորձ է արվում։

«Ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա իշխանությունների քայլերը գաղտի են, ինչ-որ տեղեկատվություն են շրջանառում, հետո ակտիվ կերպով իրենք էլ հերքում են։ Տեղեկատվությունը տարածել է ռուսական կողմը, որին ես եմ կարող չվստահել, ուրեմն ինչ-որ խոսակցություն, գործընթաց եղել է»,- ասաց նա։



Աղբյուր