[ad_1]

Հա՛յ ժողովուրդ, առաջիկայում դու պետք է մոբիլիզացվես ու դիմակայես այն համատարած ճգնաժամին, որ տիրում է մեր հայրենիքում։ Պետք է մոբիլիզացնես քո ներուժն ու առաջիկա ընտրություններում հակահարված տաս երկիրը փլուզողներին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ այս ամիսներին «Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկել քաղաքական մեծամասնության՝ Կառավարության 5-ամյա ծրագրին։

«Այսօր, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն մտահոգությունները, որ մենք արտահայտել ենք այդ փուլում, լիովին և մի քանի անգամ էլ ավելի ի կատար են ածվել։ Ես չէի սպասում, որ մենք կարող ենք այսպես իջնել անդունդը»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ թեև հռչակվել էր ներառական տնտեսություն կառուցելու մասին, սակայն այն չկա։

«Ցավոք, մենք կառուցեցինք սպառողական տնտեսություն, և դա ապացուցում է 2018-2020 թվականների եռամյա բյուջեի կառուցվածքը, երբ բյուջեի ընթացիկ ծախսերն աճել են 260-270 միլիարդ դրամով, կապիտալ ծախսերը՝ ընդամենը 60-70 միլիարդ դրամով։ Խրոնիկ թերակատարել բյուջեի ծախսերը, կապիտալ ծախսերը, նշանակում է՝ չստեղծել աշխատատեղեր և այլն։ Դա էլ նշանակում է, որ տնտեսական քաղաքականությունն ի վերուստ մշակված է սխալ, պրոֆեսիոնալ ցածր մակարդակով, որովհետև քաղաքական մեծամասնությունն իր լիազորությունը պատվիրակել է կառավարությունում 2-3 մարդու, որոնք, միգուցե միտումնավոր կամ ոչ միտումնավոր, քաղաքական մեծամասնությանը տարել են մի ուղղությամբ, որը տանելու է անդունդի»,- հայտարարեց պատգամավորը։

Վերջինս ընդգծեց, թե այս պատկերը կապ չունի կորոնավիրուսի, պատերազմի հետ, քանի որ մինչ այդ էլ արձանագրել են, որ ՀՀ-ում չկան ներդրումներ։

«Շատ տարօրինակ կլինի, որ բոլոր ոլորտներում ձախողված քաղաքական մեծամասնությունը նորից փորձի վերարտադրվել։ Դա նոնսենս է, այդպիսի բան աշխարհի պատմությունում չի եղել, այդ ուժը, լավագույն դեպքում, պետք է դառնա ընդդիմություն»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր