[ad_1]

Պատերազմական եւ հետպատերազմյան իրողությունները հրամայականն են դարձրել մեր հայրենազրկված ժողովրդի զարթոնքը, առկա խորքային ճգնաժամի հաղթահարումը։ Այսօր, ավելի քան երբեւէ, ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի հաղթահարումը անկարելի է իրականացնել առանց Արցախի եւ նրա շուրջ մեր ողջ ուժերի համախմբման։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը։

«Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը մեր պետականության դեմ ուղղված ամենամեծ եւ ծանր փորձությունն է: Մեր երկրում առկա իրավիճակների եւ Արցախի շուրջ մտորումները հանգեցնում եմ հետեւյալին. Երրորդ Հանրապետության տարիներից ի վեր Արցախը եւ մասնավորապես Արցախյան հերոսամարտը դարձավ ոչ միայն հայ ժողովրդի ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հետագիծը, այլև նորանկախ հայոց պետականության գաղափարական դարբնոցը»,- ասաց Գևորգյանը և հավելեց, որ Արցախը և Սյունիքը մեր անվտանգային հենասյուներն են, հետևաբար մեր ապագան փոխկապակցված է ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի հետ:

Պատգամավորը ընդգծեց, որ միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մասը պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը, դրանով պայմանավորված՝ Սյունիքի անվտանգության ապահովումը, գերիների վերադարձը։

«Պետք է շարունակել խոսել Ադրբեջանի կողմից Արցախի զգալի մասի բռնազավթման և մինչ օրս ՀՀ-ի դեմ հնչող ռազմատենչ հայտարարությունների, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտալան հայտարարությունների մասին»,- ասաց Գևորգյանը:



Աղբյուր