[ad_1]

Այս իշխանություններն անցել են բոլոր գրված եւ չգրված օրենքների սահմանները, հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

«5 հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհետ կորածների, բոլոր մեր ջանքերի ու կորուստների հաշվետվությունը տալու փոխարեն սրանք համարում են, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով կարող են պահպանել իրենց իշխանությունը. չի ստացվելու։ Ռեժիմի բոլոր ստրուկները, ռեժիմի բոլոր սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների եւ Աստծո առաջ։ Հազարներով մարդկանց տարան, կոտորեցին մարտի դաշտում, հետո ոմն մեկն ասում է, թե Սյունիքի եւ Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանքեր է փրկել. որտե՞ղ եք փրկել այդ կյանքերը, այ տղա։ Որտե՞ղ ես փրկել այդ կյանքերը, այ տղա, այնտեղ այդքան մարդ կա՞ր, այդքան մարդ էր մնացե՞լ։ Կյանք փրկո՞ղ էիր, ժամանակին կանգնեցնեիր պատերազմը, կյանք փրկո՞ղ էիր Արցախը 10 մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից, կյանք փրկո՞ղ էիր, տեղեկատվական պատերազմի մասնագետներին թույլ տայիր՝ աշխատեին, այդ դեպքում մեր կորուստները հաստատ կլինեին ավելի նվազ»,- նշեց Սաղաթելյանը։

Նա պատմեց, որ պատերազմի սկզբից շատ փոքր ընդհատումով ինքը եղել է առաջնագծում եւ տեսել, թե այնտեղ ինչ է կատարվում. «Տեսել եմ այն ամբողջ խառնաշփոթն ու բարդակը։ Այս իշխանությունն անգամ պատերազմը վերածեց շոուի։ Մեր վրա թափվում էին «Բայրաքթարներ», կասետային ռումբեր, իսկ իրենք այստեղ քարոզում էին՝ իբր հաղթում ենք, հետո ասում է՝ կներեք. ի՞նչդ ներենք, ինքդ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել, ինքդ քեզ հաշիվ տալի՞ս ես՝ ինչ ես դու արել, ինքդ քեզ հաշիվ տալի՞ս ես՝ քանի օջախի լույս ես մարել, հաշիվ ես տալի՞ս քեզ, որ մի ամբողջ ժողովրդի զրկել ես հայրենիքից եւ պատվից, ինքդ քեզ հաշիվ տալի՞ս ես, որ տասնյակ հազարավոր մարդկանց թողել ես անտեր ու անտուն, հազարավոր երեխաների սարքել ես որբ։ Քեզ ներող չկա ու չի լինի այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուրը, որը կիսի այս պատասխանատվությունը, դառնում է հանցակից ամբողջ կատարվածին, իսկ որեւէ բանական մարդ այդ մեղքի տակ չի մտնի»։

Սաղաթելյանը դիմեց պետական համակարգում ճանապարհ անցած իր գործընկերներին. «Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել։ Մենք լուրջ ճանապարհ ենք անցել, ծառայել ենք պետության, ծառայել ենք ազգային շահին. ո՞ւմ եք հիմա դուք ծառայում։ Մենք՝ այստեղ կանգնածներս, եւ ժողովրդի շատ մեծ հատված շատ լավ գիտենք՝ ում դեմ ենք պայքարում եւ ինչի համար. դուք ո՞ւմ եք պաշտպանում»։

Նա դիմեց նաեւ դիվանագիտական ծառայությամբ զբաղված գործընկերներին. «Մենք ձեզ հետ լուրջ ճանապարհ ենք անցել։ Հակառակորդին բնից դուրս գալու պահին ճնշել, սաստկացրել ու մտցրել ենք բունը։ ՄԻԵԴ-ից մինչեւ ՄԱԿ, բանակցայինից մինչեւ տեղեկատվական մենք միասին տոնել ենք բազմաթիվ հաղթանակներ. ո՞ւմ եք ծառայում եւ ինչի համար, ինքներս ձեզ այդ հարցը տալի՞ս եք։ Սպասում եք, որ խեղկատակ ապուշը մի առավոտ արթնանա եւ ձեզ աշխատանքից հանի՞, որովհետեւ ծիծաղել եք իր հերթական հիմարության վրա»։

Անդրադառնալով ոստիկանների գործելաոճին՝ Սաղաթելյանը կոչով դիմեց նրանց՝ միանալ բանակին եւ ժողովրդին. «Պարոնայք ոստիկաններ, երբ միտինգներից, երթերից հետո քաշքշելով, ծեծելով մարդկանց տանում եք քաղմասներ՝ ո՞ւմ եք սպասարկում, ինչի՞ համար եք դա անում։ Նա ձեզ ավտոբուսներով լցնում է կառավարական շենքերի մոտ, որ այս քաղաքով կարողանա մի երկու քայլ քայլի, հետո 100-120 հազար դրամ աշխատավարձ է տալիս, երբ թիմակիցները եւ պատգամավորները լափում են ժողովրդի փողերը՝ բազմահազար միլիոնավոր պերմիաներով, անգամ պատերազմի ժամանակ Ղարաբաղ գնալու համար նրանք բյուջեից վերցնում էին օրապահիկ եւ բենզինի փողը։ Իմ աշխատասենյակը գնտվում է կառավարական առանձնատների կողքին, հարյուրներով լցրել էին պատերի տակ, ամեն օր աշխատանքի գնալուց ձեզ հետ շփվում էի, հասկանում եմ՝ ծայրահեղ կարիքից դրդված եք պաշտպանում այս տկարին։ Այո, ունեք վարկեր, խնդիրներ, ստիպված եք աշխատանքից հետո տաքսի քշել, շինարարություն անել, բանվորություն անել, բայց չէ՞ որ նա խոստացել էր, որ դուք չեք քշելու տաքսի. չեք անելու շինարարություն. խաբեց, խաբելու է այնքան, քանի դուք իրեն պաշտպանում եք։ Սթափվեք եւ կանգնեք ժողովրդի եւ բանակի կողքին»։

Սաղաթելյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ի, ոստիկանության եւ քննչական մարմինների ծառայողները պետք է ծառայեն պետությանն ու իրավունքին, ոչ թե անձի. «ԱԱԾ-ն եւ քննչական մարմինները վերածվել են ֆեյք բռնողի եւ սատանա փնտրողի։ Պատերազմի օրերին փոխարենը զբաղվեն երկրի ներքին անվտանգության հարցերով, 10 հոգանոց քննչական խումբ են հավաքում ու սկսում են ֆեյք ման գալ ու չեն գտնում։ Ո՞վ է իրավունք տվել պատերազմի օրերին այդ տկարին՝ «Ալֆան» հանել Երեւանից եւ տանել Արցախ։ «Ալֆան» բարձունք վերցնո՞ղ է այ հիմար։ Բա որ այդ ժամանակ Հանրապետության ներսում մի խնդիր առաջանար՝ ինչո՞վ էիր դա լուծելու, քո իմքայլական փսլինքոտներո՞վ։ Դադարեցրեք ձեռք բերել անձնական թշնամիներ, լակոտներ։ Մի թշնամացրեք մարդկանց։ Մի թշնամացրեք քննիչներին նրանց վարույթի տակ գտնվող անձնավորությունների հետ։ Մի կուտակեք թշնամիներ, քթներիցդ կգա։ Հիմա երկրաչափական պրոգրեսիայով մեր իշխանության ներկայացուցիչները կուտակում են անձնական թշնամիներ՝ ինքնաբերաբար կիսելով մեր երկիրը իրենց՝ շատ փոքր քանակ ներկայացնող պաշտոնից կառչած պնակալեզների եւ ժողովրդի վրա»։



Աղբյուր