[ad_1]

Չեմ կարծում, որ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու հրաման կարձակի, քանի որ հենց նույն օրը հակառակ պրոցեսը կլինի։  Այս մասին այսօր՝ մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության, ներքաղաքական ճգնաժամի մասին։

«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է առճակատման Օնիկ Գասպարյանի հետ։ Կարծում եմ, որ նա կտրուկ քայլերի չի գնա։ Փաշինյանը քաղաքական ցուգցվանգի մեջ է։ Ցանկացած քայլ, որ նա այս պահին անում է, ի վերջո շրջվում է իր դեմ։ Երեք օր շարունակ անմարդկայնորեն պետական ռեսուրսը օգտագործելուց հետո չկարողացավ նույնիսկ 25 հազար մարդ հավաքել»– ասաց Վարդանյանը։

Վարդանյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ընդդիմության պայքարի հաջողություններից մեկը։

«Եթե ընդդիմությունը չանցկացներ այս երկարատև հանրահավաքները, չլիներ այդքան ակտիվ, միգուցե Օնիկ Գասպարյանը ձայն չհաներ և մնար իր պաշտոնին կամ հրաժեշտ տար իր պաշտոնին՝ առանց որևէ կռվի։ Մենք պետք է հասկանանք, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը իհարկե աննախադեպ է, բայց այն ուղղված է ժողովրդին։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն մեր շատ լինելով է պայմանավորված լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Հավատացեք, որ հաղթանակը հեռու չէ, մենք ունենք համագործակցություններ, տարբեր կառույցներ համագործակցում են։ Մենք տեսնում ենք՝ հարթակում կանգնած են ուժեր, որոնց առօրյա կյանքում անհնարին կլիներ պատկերացնել իրար հետ կանգնած»– նշեց նա։

Անդրադառնալով նաև Փաշինյանի՝ «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին հայտարությանը, Վարդանյանը նշեց, որ դա նախապես պլանավորված ակցիա էր։

«Մենք գիտենք, որ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը եղել է Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունից հետո։ Ակնհայտ է, որ Փաշինյանը ծաղրի առարկա դարձրեց Ռուսաստանի ամենահայտնի զենքն ամբողջ աշխարհում։ Եվ ինձ համար ակնհայտ էր, որ դա պատահականություն չէր։ Նիկոլ Փաշինյանը միշտ փորձում է շանտաժի լեզվով խոսել Ռուսաստանի հետ»– ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն էր տարածել,  պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշենք նաև, որ մարտի 2–ին, նախագահը երկրորդ անգամ չի ստորագրել  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, սակայն որոշել է առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



Աղբյուր