[ad_1]

Հանրապետության նախագահը պետության գլուխն է, և ինքն է հետևում Սահմանադրության պահպանմանը: Նա, տեսնելով Սահմանադրության հնարավոր խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի: Առաջացել է վեճ սահմանադրական մարմինների միջև, և նա պետք է դիմի ՍԴ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ հրամանագիրը չստորագրելուն, սակայն ՍԴ չդիմելուն:

Զոհրաբյանը հիշեցրեց՝ նախագահն առաջին անգամ իր առարկություններով վերադարձրել էր ԳՇ պետի ազատման հրամանագիրը՝ նշելով հակասահմանադական դրույթների առկայությունը:

«Նա չստորագրեց հրամանագիրը, բայց նրա կեցվածքից պարզ է դառնում, որ չի էլ ցանկանում դիմել ՍԴ: Այսօր վերջին օրն է, որ կարող է դիմել: Ստացվում է՝ հանրապետության նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա, փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմնների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ՝ քաղաքակիրթ լուծման հարթակ, փաստորեն հրաժարվում է այդ գործիքից՝ բոլորիս թողնելով բախտի քմահաճույքին»,-ասաց նա՝ նշելով, թե նախագահն իր առարկություններում նշել է՝ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ կարող են լինել. «Հիմա այսքան հեռատեսություն ունեցող մարդն ինչու՞ է կեցվածք փոխում»,-հավելեց Զոհրաբյանը:

Վերջինս ընդգծեց՝ Փաշինյանի հրաժարականը պահանջում է ոչ միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, այլև այլ բարձրաստիճան սպաներ, ապա հարց բարձրաձայնեց՝ ԳՇ պետին ազատելու դեպքում եթե մյուս սպաները չենթարկվեն Փաշինյանին, ի՞նչ է տեղի ունենալու:

«Արմեն Սարգսյանին խնդրել ենք այսօր դիմել ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Եթե հանրապետության նախագահն այսօր չդիմեց ՍԴ և մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչո՞ւ է վախենում վարչապետից, ի՞նչն էր խնդիրը, որ փոխեց իր կեցվածքը, արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,-ասաց Զոհրաբյանը, ապա հավելեց.

«Եթե նախագահի անգործությամբ պայմանավորված՝ վաղն ունեցանք ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման հրամանագիր, հենց վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթաց»:



Աղբյուր