[ad_1]

Կոմս Միքայել Լոռիս Մելիքով, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի բարեփոխումների հայեցակարգի հեղինակ. նրա ծրագրին համաձայնել էր Ալեքսանդր երկրորդը, սակայն նրա սպանվելուց հետո Ալեքսանդր երրորդը հրաժարվում է իրականացնել բարեփոխումներ: Եթե Լոռիս Մելիքովի բարեփոխուներն իրականացվեին, Ռուսաստանն այլ որակի ու արդիական երկիր կլիներ

 

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը թվարկել է Արցախի օկուպացված մասում ԽՍՀՄ հայազգի նշանավոր գործիչների, նշանավոր զինվորականների հուշարձանների պղծման ու ոչնչացման դեպքերը։ «Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թեւոսյանի հուշարձանը: Հենց Թեւոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արեւմտյան շրջաններից Ուրալ եւ այդպիսով փրկել արդյունաբերությունը, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել եւ հաղթել պատերազմը: Թեւոսյանը նաեւ առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծում: Մեծ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքում` Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թեւոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց աճյունները հանգչում են Կրեմլի պատի մեջ: Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Իվան Ստեպանովիչ Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում», ասել է նա:

Այս ամենն ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել են եւ միլիոնավոր մարդկանց կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում, առաջին հերթին` Ռուսաստանի, ասել է Դավիթ Բաբայանը:

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւից այլ բան իհարկե սպասելի չէ։ Մերձկասպյան արեւմուտքը զբաղեցնող բարբարոսական ցեղախմբից՝ նույնպես։ Բացի պարզ բարբարոսությունից ու հայատյացությունից, այս պարագային դեր ունի նաեւ հայերի հողերի վրա ստեղծված այս արհեստական միավորման ձգտումը՝ ոչնչացնել հայկական ամենայն հետք։

Կարելի է բազմաթիվ դեպքեր հիշել, թե Ռուսաստանն ինչ կատաղությամբ է արձագանքում Ուկրաինայում, Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում ԽՍՀՄ խորհրդանիշ-հուշարձանների տապալման կապակցությամբ, դա համարելով ֆաշիզմ։ Բաքվի պարագայում սակայն ոչ միայն քար լռություն է, այլեւ «հակակշռելու» համար Մոսկվա-Բաքու ակնհայտ համերաշխությամբ ծավալվեց Նժդեհի շուրջ կեղտոտ արշավը։ Ռուսները քար լռություն են պահում նաեւ վերջին հարյուրամյակում Կիրովաբադում, Բաքվում, Շամխորում թուրքերի կողմից հազարավոր ռուս զինվորականների սպանությունների հարցում։

Իր հոգեզավակ Բաքվին եռակողմ հայտարարության եւ մասնավորապես պատմության ու մշակույթի ժառանգության պահպանման երաշխավոր Մոսկվայի այս լռելյայն խրախուսանքը նույն պատճառներն ունի․ նախ, դրանք հայերի հուշարձաններ են, երկրորդ՝ հայկական հետքի վերացումն արդեն Ռուսաստանի պատմությունից: Եթե այսպես կոչված Ադրբեջանը ստեղծվել է հայկական տարածքների վրա, Ռուսաստանի ստեղծման ու կայացման հարցում հայերի դերն անուրանալի է, իսկ շատ ոլորտներում՝ վճռորոշ, ինչը խնամքով մոռացության է տրված Ռուսաստանում:

Աղբյուր