Կարդացեք նաև՝

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ թեև հաջողված էր, սակայն հերթական այցերից մեկն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ Այս հանդիպումներով Արցախը փորձում է ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների հետ հավասարակշռություն պահել։ «Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ Արցախը փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն։

Սա միակ ֆորմատն է, որտեղ 3 ուժային կենտրոններ, որոնք ունեն սրված հարաբերություններ, կարողանում են իրար հետ երկխոսել, որոշակի հարցերում գալ համաձայնության։ Արցախյան կողմը բոլոր հանդիպումներում կարողացել է հստակ ասել, որ ինքը համանախագահող բոլոր երկրների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ»։ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Հայաստան այցին, որի ժամանակ  կատարված հայտարարությունները, ըստ Գառնիկ Իսագուլյանի, պակաս նշանակություն չունեն, քան այն հայտարարությունները, որոնք եղել են Վաշինգտոնում։ «Զատուլինի հայտարարությունները կարևոր են մի քանի տեսանկյունից։

Փակագծեր կան, որոնք չեն բացվում։ Երբ որ պետական որևէ պաշտոնատար անձ ինչ-որ երևույթի հետ կապված, օրինակ՝ զենքերի առևտրի հետ կապված, հայտարարություն է անում, այդ հայտարարությունների մեջ կան մտքեր, որոնք պետք է կռահել, որոնք պետք է բացել։  Այդ ափսոսանքը, զենքի վաճառքի հետ կապված վերանայումները կարելի է նույնիսկ այլ կերպ հասկանալ։ Դա չի նշանակում, որ ընդհանրապես վաճառք չի լինելու»։ Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ այժմ Հայաստանը զենքի առումով փորձում է ինքնաբավ դառնալ և մի բան էլ այն արտահանել։