Կարդացեք նաև՝

Մարդիկ երբեմն չգիտեն, թե ինչպես պետք է լրացնեն դիմումները, որպեսզի հայտ ներկայացնեն կառավարության ընդունած միջոցառումներին, թեև ուղեցույց է մշակվել ու հրապարակվել: Կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ում խոսքերով SMS-ի միջոցով կոդ է գնում ու մարդիկ պետք է լրացնեն:

Նախարարն ասաց, որ հիմա աշխատանք է տարվում նաև մերժված դիմումները վերլուծելու ուղղությամբ. «Ինչպես արդեն նշեցի, դրանք ոչ ճիշտ լրացնելու արդյունք են: Մենք բոլոր տեղեկատվական հարթակներն օգտագործում ենք, հեռախոսակապով աջակցում ենք մարդկանց, իսկ այսօր նաև լրացուցիչ խումբ ենք ձևավորելու, որը կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես պետք է լրացնել: Կան օրինակ քաղաքացիներ, ովքեր չգիտեն, թե ինչ է ՀԾՀ-ն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, դա նշանակում է, որ լրատվական համակարգը լավ չի աշխատում. «Կներեք, բայց ես էլ չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է: Եթե մենք միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի իմանալը կարևոր է, պետք է մարդկանց ասել, թե դա ինչ է»:

Բաթոյանը հայտնեց, որ դա արվում է, ուղեցույցում նշված է:

«Եթե շահառուն չգիտի, թե դա ինչ է, նշանակում է, որ չենք արել այնպես, որ իմանա»,-արձագանքեց վարչապետը:

Փաշինյանը նաև խոսեց այն մասին, որ շատերը չգիտեն, թե որ միջոցառումն է իրենց վերաբերում, ինչը նշանակում է, որ լրատվությունը լավ չի աշխատում: Նա կոնկրետ հանձնարարական տվեց պատկան մարմիններին իրավիճակը շտկելու համար: