ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ներկա է գտնվել իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի քննարկմանը եւ որոշ մանրամասներ ներկայացրել գրքի ստեղծման պատմությունից՝ զուգահեռներ տանելով իր ներկա կարգավիճակի հետ։
Մեդիամաքսը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի խոսքի առավել ուշագրավ հատվածները։

Սենյակում փակված ճամփորդել

Գրքում նկարագրված ամբողջ ճամփորդությունը, ըստ էության, ընթերցանությունների շարք է, երկխոսություն հերոսների հետ, իմ փորձն է ներխուժել այդ գրքերի մեջ եւ ապրել դրանցում։

Ամբողջ այդ ճանապարհորդությունը կապված է ճապոնական, ֆրանսիական, ռուսական, հայկական գրականությունների հետ։

Թավշյա հեղափոխության ազդակը՝ «Երկրի հակառակ կողմից»

Ամեն մի հատվածը ինչ-որ մի կոնկրետ գրական ստեղծագործության հետ է կապված, որը ուղեկցվում է իմ սուվերեն մեկնաբանությամբ։

Կրկին բանտում

Շատ հնարավոր է, որ այն, ինչ այս գրքում գրված է, շարունակական է եւ երկրագնդի նման անընդհատ պտտվում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի օր առաջ մտածում էի, որ ես այսօր կրկին բանտախցում եմ, որովհետեւ ամեն օր գտնվում եմ մի վայրում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել՝ մաքուր օդ շնչելու համար։ Ինձ անընդհատ ուղեկցում են զինված մարդիկ։

Ասեմ ավելին։ Երբ բանտում էի, իմ ընկերներից մեկն աշխատում էր Երեւանի քրեակատարողական հիմնարկում եւ ամեն օր դուռը բացում եւ ինձ ուղեկցում էր հարցաքննության։ Հիմա նա աշխատում է իմ թիկնազորում եւ ամեն օր ինձ շարունակում է ուղեկցել։

Կրկին ընդհատակում

Ես ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չեմ շփվում։ Հիմա մարդկանց հետ նույն միջոցներով եւ ձեւերով եմ շփվում, ինչ ընդհատակից էի անում։

Զրահապատ մեքենան, որով շրջում եմ, վարչապետի աշխատասենյակը՝ եւս ընդհատակ են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսինքն՛ ամեն ինչը կրկնվում է, եւ սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ թե ինչքան կշարունակվի։

Եթե գիրքը չգրվեր…

Երբ ես կարդացի այս գիրքը, ասացի՝ կարծես տասը տարի առաջ ինքս ինձ նամակ գրած լինեմ։ Այսինքն՝ սա խոսակցություն էր ինքս ինձ հետ։

Գրքի ընթերցումն ինձ օգնեց հասկանալ այն, որ ճիշտ չէ ԱԺ աշխատասենյակում նստել, լինել խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր եւ սուր ելույթներ ունենալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարզ էր, որ պետք է գործողություն, եւ այդ գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ։

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի