Կարդացեք նաև՝

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը շարունակում է մտավախություն ունենալ իր երեխաների անվտանգության հետ կապված։ Ծաղկաձորի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ընթացքում նա վերահաստատեց ավելի վաղ հնչեցրած իր միտքը. «Երեխաներիս հետ կապված մտահոգություններս շարունակվում են մնալ»։ Արթուր Վանեցյանն այս պահին մտադրություն չունի մտնել քաղաքականություն, չնայած որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նրա վարկանիշը բարձր է:

«Ես զինվորական եմ և կատարում եմ իմ ծառայությունը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի պարտականությունները։ Հաճելի է, բայց մեծ պատասխանատվություն է ունենալ հասարակության կողմից վստահություն։ Բայց դա միայն իմ վարկանիշը չէ, դա նաև Ազգային անվտանգության ծառայությանն է։ ԱԱԾ-ն այդ վարկանիշը որ ունեցավ, չեմ թաքցնի, ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ այսօրվա վարչապետը իր քաղաքական թիմի հետ իրականացրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։

Այդ համատեքստում ձեռք բերվեց վարկանիշը, որը ես ունեմ։ Այսինքն՝ առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի։ Եթե վարչապետը չունենար ժողովրդի սերը և վստահությունը, երբևիցե ԱԱԾ-ն չէր ունենա այսօրվա վարկանիշը»,- ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։