Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնական մասում գտնվում է վաղ միջնադարյան եզակի եկեղեցական համալիր, որը բաղկացած է միմյանց կից կառուցված քրիստոնեական հուշարձաններից:
1970թ. պեղումների ժամանակ համալիրի հյուսիսային մասում բացվել են V դարի խոշոր միանավ բազիլիկ եկեղեցու բավական հաստ պատերի ստորին շարքերը: Համալիրի հարավային մասում գտնվում է փոքր միանավ թաղածածկ եկեղեցին, որը թվագրվում է VI դարին: Երկու բազիլիկների միջև կանգուն է կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VI դ.):