Արեւմտյան հետախուզությունները երեկ հայտնել են, որ Պուտինի խորհրդականները նրան սխալ տեղեկատվություն են տրամադրել ռուսական բանակի կարողությունների, պատժամիջոցների իրական ազդեցության, ուկրաինական պետության ու բանակի վիճակի մասին, եւ ՌԴ նախագահը կոպիտ սխալներ է թույլ տվել իրավիճակի գնահատականներում`

Վերջին օրերին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք վերլուծաբաններին առիթ տվեցին խոսելու ռուսական վերնախավի պառակտման, ուժային բլոկում հակասությունների խորացման, սաբոտաժի եւ այլնի մասին`

Անէությունից կրկին հառնած պաշտպանության նախարար Շոյգուն խորհրդակցության ժամանակ անսպասելի հայտարարեց, որ ռազմական գործողության առաջին փուլն ավարտված է, եւ ռուսական ուժերը կենտրոնանալու են «Դոնբասի ազատագրման» վրա`

Տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական զորքերը դուրս են բերվում Կիեւի մերձակայքից եւ Բելառուսի հետ սահմանագոտուց`

Իր հերթին, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Պուտինի գլխավոր խորհրդական Մեդինսկին հայտարարեց որոշակի համաձայնությունների մասին`

Ռուսական կողմը բանակցություններում հանել է մի շարք նախնական պահանջներ, մասնավորապես՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիան», այսինքն՝ ռեժիմի փոփոխությունը եւ քաղաքական դաշտի զտումը, ինչպես նաեւ ապառազմականացումը՝ ուկրաինական բանակի լուծարումը`

Ռուսական եւ արեւմտյան մեդիա-վերլուծական շրջանակներում այս ամենը մեկնաբանվեց որպես Կրեմլի նահանջը նախնական դիրքերից՝ ռազմական գործողությունների պլանների տապալման եւ ահռելի կորուստների պատճառով`

Նշվում է, որ Կրեմլը կարող էր «Դոնբասի ազատագրումը» եւ Ուկրաինային հասցված հարվածները ներկայացնել որպես հաղթանակ, փրկելով դեմքը`

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Շոյգուի եւ Մեդինսկու հայտարարություններով Կրեմլը փորձում էր շոշափել հանրային կարծիքը եւ վերնախավի տրամադրությունները`

Այս հայտարարություններից հետո ռուսական պետական քարոզչամիջոցներում եւ համացանցում դժգոհության ալիք բարձրացավ, նույնիսկ պուտինյան պրոպագանդոնները սկսեցին հրապարակավ քննադատել պարտվողականությունը եւ կոչ անել շարունակել պատերազմը մինչեւ հաղթական ավարտ՝ նախնական բոլոր պլանների իրագործմամբ`

Ռուս-ուկրաինական բանակցություններն ու պայմանագրի մոտավոր տեքստը նույնիսկ գնահատվեց որպես Խասավյուրտ-2։ Հիշեցնենք, որ չեչենական առաջին պատերազմից հետո այս պայմանագրով ՌԴ-ն փաստացի կապիտուլյացվել էր Չեչնիային`

Զուգահեռ, հրապարակվեցին հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ Պուտինին արդեն աջակցում է ռուսական հանրության 80 տոկոսը`

Ռուսական բարդույթավորված-տրավմատիկ հանրությունն ու կլեպտոկրատ վերնախավը պահանջում են շարունակել պատերազմը`

Ըստ տեղյակ աղբյուրների՝ Կրեմլում ընդունվել է համապատասխան որոշումը։ Պուտինը, որը տոտալ վերահսկողության տակ էր պահում հանրությանն ու վերնախավին, այժմ դարձել է իր իսկ քաղաքականության պատանդը`

Ռուսական պարտված ցարերի ու գենսեկների ճակատագիրը աչքի առաջ է։ Պուտինյան Ռուսաստանը, որն արդեն դժվար է պետություն համարել, շարունակում է ինքնասպանության ճանապարհը