ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ3 Եվ մինչ նստած էր Հիսուս Ձիթենյաց լերան վրա, տաճարի դիմաց, Պետրոսն ու Հակոբոսը և Հովհաննեսն ու Անդրեասը, առանձին, հարցրին նրան. 4 «Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, և ի՞նչը կլինի նշանը, երբ կատարվելու լինի բոլորը»: 5 Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգու՛յշ կացեք, ոչ ոք ձեզ չխաբի, 6 որովհետև շատեր պիտի գան իմ անունով և պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը (Տեր Հիսուսն ասել է, որ սուտ Քրիստոսները դրանք սուտ կրոններն են: Այսօր էլ շատ տարածված է օրինակ յոգան, որ հեռացնում և շեղում է քրիստոնեությունից) և շատերին պիտի մոլորեցնեն: 7 Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև այդ պետք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: 8 Ազգ ազգի դեմ պիտի ելնի և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ երկրաշարժներ պիտի պիտի լինեն, սով և համաճարակ ու խռովություններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց: 9 Եվ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատյանների, և ժողովարանների մեջ պիտի տանջվեք. և ինձ համար կուսակալների ու թագավորների առաջ պիտի կանգնեք՝ ի վկայություն նրանց: 10 Բայց նախ պետք է, որ Ավետարանը քարոզվի բոլոր հեթանոսների մեջ: 11 Եվ երբ ձեզ տանեն հանձնելու, առաջուց հոգ մի՛ արեք և մի՛ մտածեք, թե ինչ պիտի խոսեք, այլ, ինչ որ ձեզ տրվի այդ նույն ժամին, ա՛յն խոսեցեք, որովհետև դու՛ք չէ, որ պիտի խոսեք, այլ՝ Սուրբ Հոգին: 12 Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի, և հայրը՝ որդուն. և որդիները հայրերի դեմ ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13 Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք. բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»:ՄԵԾ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ14 «Եվ երբ տեսնեք սարսափելի պղծությունը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպետք է լիներ (ով կարդում է, թող իմանա), այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, լեռները թող փախչեն. 15 և ով տանիքի վրա է, թող չիջնի և տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եվ ով արտի մեջ է, թող ետ չդառնա՝ իր զգեստները վերցնելու: 17 Բայց վա՜յ հղիներին և ստնտուներին այն օրերին: 18 Աղոթեցե՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղությունների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործության սկզբից մինչև այժմ և չի էլ լինի: 20 Եվ եթե Աստված այդ օրերը իր ընտրյալների համար չկարճեր, ոչ մի մարդ չէր ազատվի. բայց նա իր ընտրյալների պատճառով, որոնց ընտրեց, կարճեց այդ օերը: 21 Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թե՝ ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավատաք. 22 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին: 23 Բայց դուք զգու՛յշ եղեք . ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի»:ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ24 «Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո, արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա: 25 Եվ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, և երկնքում զորությունները պիտի շարժվեն: 26 Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով: 27 Եվ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»: 29…Երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացե՛ք, որ նա մոտ է, դռների առջև: 30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչև որ այս բոլորը կատարվեն: 31 Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»:ՉՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ԵՎ ԺԱՄԸ 32 «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգու՛յշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե ե՛րբ է ժամանակը. 34 ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը և իր ծառաներին իշխանություն կտա և յուրաքանչյուրին՝ իր գործը, և դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթու՛ն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ: 36 Գուցե հանկարծակի գալով՝ ձեզ քնի մեջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ ԱՐԹՈՒ՛Ն ԿԱՑԵՔ»:ԱՎԵՏԱՐԱՆ՝ ըստ Մարկոսի(ՄԱՐԿՈՍ 13.3-37)


Post Views:
0